13/05/2023 19:11
Մենք մեր դատից չենք հրաժարվի, չենք նահանջի․ Հրանտ Մարգարյան
«Մեր նպատակը Ադրբեջանին դեմ հանդիման հակաադրբեջանական ցույց անելն է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝
անդրադառնալով մայիսի 20-ին կայանալիք ակցիային․ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի «Կամավորական շարժում» ՀԿ-ն այդ օրը նախաձեռնել է երթ և հանրահավաք անցկացնել Կոռնիձորում։
Հրանտ Մարգարյանի խոսքով՝ հավաքը որոշել են սահմանում անցկացնել, քանի որ միջանցքը փակված է և մեր կապը՝ խզված Արցախի հետ։
«Հայ ժողովուրդը պետք է ցույց տա իր դժգոհությունն ու անհամաձայնությունը այն ամենին, ինչը պարտադրվում է մեզ։ Իհարկե, մի ծաղկով գարուն չի գա, և մի ակցիայով բոլոր հարցերը չեն լուծվի, բայց դա մի նոր սկիզբ է, որը, կարծում եմ, կարևոր է»,- ասել է Հրանտ Մարգարյանը։
Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը դարձրել է սովորություն՝ ամեն անգամ բանակցությունների նախօրյակին լարում է ստեղծում սահմանի վրա՝ դա օգտագործելով որպես ճնշման միջոց։ «Քանիերորդ անգամն է՝ նույն սցենարը կրկնվում է։ Ադրբեջանը նաև մի պարզ բան է հաստատել. քանի մենք ընտրել ենք զիջման քաղաքականությունը, ուրեմն ինքն ուժով, կոնֆլիկտ հրահրելով կկարողանա իր հարցերը լուծել։ Մինչև մի տեղը չցավացնենք, այս ընթացքը շարունակվելու է»,- նշել է Հրանտ Մարգարյանը, նաև ընդգծել՝ իշխանության ոչ մի զիջողական համաձայնություն չեն ընդունելու։
«Ոչ միայն չենք նահանջելու, այլև ասում ենք, որ ինչ էլ համաձայնեք, դա անարժեք է, որովհետև մենք մեր դատից չենք հրաժարվի, մենք չենք նահանջի, և Ադրբեջանը լավ օր չի տեսնի։ Ադրբեջանը անընդհատ կպարտավորվի շատ մեծ գին վճարել։ Սա այն խաղաղությունը չէ. սա ոչ մեզ պետք կլինի, ոչ իրենց, որովհետև խաղաղությունը պետք է արդարության հիմքի վրա ստեղծվի,ոչ թե պարտադրանքի։ Դա ենք ուզում ասել, որ հայ ժողովուրդը որևէ նման համաձայնության, նման պայմանագրի, նման հայտարարության հետ հաշտ չի ապրի և կընդվզի»,- ասել է նա։
Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ վիճակն այնպիսին է, որ եթե մենք վճռականություն ցույց չտանք, շատ բան ենք կորցնելու։
«Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պետք է ապրել պայքարելով»,- ասել էՀրանտ Մարգարյանը։