13/05/2023 19:31
Գիտեմ՝ որն է պատերազմը կանգնեցնելու ճանապարհը․ դադարել աջակցել Ուկրաինային․ Բորել
ԵՄ երկրներն առաջիկա 3 տարում 70 միլիարդ եվրոյով կավելացնեն պաշտպանական ծախսերը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ տեղեկացնելով նաև, որ Արևմուտքն Ուկրաինա է ուղարկել 16 միլիարդ եվրոյի զենք, ինչպես նաև պատրաստել է 17 000 զինվորականների։
«Հիմա ԵՄ բոլոր երկրները պետք է Ուկրաինա ուղարկեն եղած ամբողջ զինամթերքը, հետո այդ ամենը կփոխհատուցվի»,- ասել է Բորելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Եվրամիությունն աշխարհի բոլոր երկրներից պահանջելու է հստակ դիրքորոշում հայտնել ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ առանց «բայց»-երի։
«Ցավոք, կան երկրներ, որոնք չկարողացան բարձրաձայն դատապարտել Ռուսաստանին»,- ասել է նա՝ չպատասխանելով հարցին, թե նկատի ունի՞ արդյոք Չինաստանին, Հնդկաստանին ու Բրազիլիային։
«Չեմ ցանկանում անուններ հնչեցնել, քանի որ դիվանագետ եմ»,- ասել է Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը նշել է նաև, որ առանց Արևմուտքի աջակցության՝ Ուկրաինան պարզապես կդադարի գոյություն ունենալ։
«Ես գիտեմ՝ որն է պատերազմը կանգնեցնելու ճանապարհը․ դադարեցնել Ուկրաինային աջակցելը։ Դրանից անմիջապես հետո Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ, իսկ ռուսական զորքերը լեհական սահմանին կհայտնվեն։ Այդ պատճառով էլ մենք պետք է աջակցենք Ուկրաինային»,- ասել է Բորելը։