14/05/2023 21:58
Գերեվարված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը կենտրոնացել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի վրա։
«Առաջնորդները խաղաղության հասնելու պատրաստակամություն են հայտնել: Միասին քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը: Հարկավոր է պահել այս թափը և քայլեր ձեռնարկել երկրների միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, այս համատեքստում նրանք պայմանավորվել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները», - ասել է նա։
Միշելի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հավատարմություն են հայտնել Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սահմանազատման հետ կապված վերջնական հարցերը կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով:
«Ըմբռնում է եղել, որ գերեվարված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես նաև ընդգծել եմ, որ մոլորված քաղաքացիների ազատ արձակումը պետք է իրականացվի արագացված ընթացակարգով», - նշել է նա։
Միշելն ասել է, որ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովմանը:
«Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակմանը՝ երաշխավորելու հայերի անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնել եմ նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև թափանցիկ երկխոսության անհրաժեշտության մասին», - հայտարարել է Միշելը։