14/05/2023 23:26
Հայաստանի ճանաչած 86 600 ք կմ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը․ քարտեզագետներ (Factor.am)
Բրյուսելում այսօր կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշեը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 ք կմ և Ադրբեջանի՝ 86600 ք կմ համապատասխան տարածքային ամբողջականությանը:
Ադրբեջանի տարածքը, ըստ Վիքիպեդիայի, կազմում է 86 600 ք կմ։
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ 86 600 ք կմ-ը ներառում է նաև Արցախը։ «Իհարկե 86 600 ք կմ ներառում է նաև Արցախը։ Այդ քարտեզը գծվել է 1940-ականներին, իսկ վերջին հրատարակությունը եղել է 1970-75 թվականներին։ Այս նույն քարտեզների հիման վրա էլ անկախացել են», - ասաց Գալչյանը։
Քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանը ևս նշեց, որ Շառլ Միշելի հայտարարած թիվը՝ 86 600 ք կմ տարածքը ներառում է Արցախը։ «Սա ենթադրում է նաև Արցախի ներառումը։ Առանց Արցախի դա կլիներ 82 200 ք կմ, առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքը 4 400 ք կմ է», - ասաց քարտեզագետը։