15/05/2023 19:10
Դատավոր Արամ Գրիգորյանը շատ «կարմիր գծեր» է անցել, նրա և դատախազի կապն ակնհայտ է․ ինչ ասում է, դրանով էլ առաջնորդվում է․ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան
Դատավոր Արամ Գրիգորյանն այնքան «կարմիր գծեր» է անցել, որ էլ ոչինչ չեմ բացառում, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ պատասխանելով հարցին, թե Խաչատուրովի գործով դատաքննություն իրականացնող դատավորը կոնկրետ հրահանգներո՞վ է գործում։
«Դա կարող էր և՛ ինչ-որ մեկի ցուցումներով արվել, և՛ անձնական մղումներով արվել»,- դատավորի վարքագծի վերաբերյալ ասաց փաստաբանը։
«Երբ դատական նիստերի ընթացքը նայում եք, մեղադրող դատախազը ինչ ասում է, նա այդպես էլ առաջնորդվում է, ինչ դիրքորոշում հայտնում է, դրանով առաջնորդվում է»,- մանրամասնեց Հակոբ Ենոքյանը՝ շեշտելով նաև այն հանգամանքը, որ դատավորն ու դատախազը ընկերական հարաբերություններ ունեն։
«Այսինքն, նրանց կապն ակնհայտ է։ Բայց որևէ մեկի ուզածով դատավարություն չի կարող անցկացվել, դատավարությունը պետք է ընթանա օրենքով նախատեսված կարգով։ Հիմա դատավորը կալանքի հարց է քննարկում այն պայմաններում, երբ հայտարարում են, որ իրեն բացարկ է ներկայացվելու։ Նա պետք է մարդուն կալանքից ազատի, բայց չի ազատում։ Օրենքը, ներողություն արտահայտությանս համար, բռնաբարված են կիրառում, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարում են։ Այս առումով ընդհանրապես ոչինչ հետաքրքիր չէ դատավորին»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ դատական նիստում այնպիսի տպավորություն է, որ դատավորից ու դատախազից բացի, այլ մասնակիցներ, հակառակ կարծիք հայտնողներ, այլ կողմեր գոյություն չունեն։
Հիշեցնենք՝ այսօր՝ 16։45-ից գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետն ավարտված է, սակայն դատավորը, ինչպես նշում են փաստաբանները, նրան կալանքի տակ է շարունակում պահել՝ առանց կալանքը երկարաձգելու համապատասխան որոշումը կայացնելու։ Պաշտպանական կողմի առարկություններին ի պատասխան՝ դատավոր Արամ Գրիգորյանը դատական նիստերի դահլիճից հեռացրել էր պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանին։