15/05/2023 22:06
Ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում մանկական գինեկոլոգին. Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել երեխայի հիգիենան
Մանկական գինեկոլոգիան ՀՀ-ում զարգանում է, փաստում է բժիշկ Լիանա Քոչարյանը՝ հավելելով՝ տարեցտարի ծնողներն ավելի պատասխանատու են մոտենում իրենց երեխաների առողջությանը:
Aysor.am-ի հետ զրույցում Լիանա Քոչարյանը մանրամասնել է, թե ինչ խնդիրներով են երեխաների ծնողները հաճախ դիմում մանկական գինեկոլոգին և ինչպես է պետք ճիշտ կազմակերպել աղջիկների հիգիենան:
«Երբ ծնվում է երեխան, լինում են դեպքեր, որ հնավոր չի լինում պարզել նրա սեռը: Այսինքն, զարգացած են լինում և՛ արական տիպի երկրորդային արտաքին սեռական հատկանիշները, և՛ իգական: Այս պարագայում առաջինը դիմում են հենց մանկական գինեկոլոգին: Հետազոտությունից հետո նշանակվում է գենետիկ անալիզ: Երբեմն միայն գենետիկ անալիզով է պարզ լինում՝ երեխան աղջիկ է, թե տղա: Երեխայի կյանքի առաջին 3 տարիների ընթացքում ամենահաճախը մանկական գինեկոլոգին դիմում են հեշտոցի արտադրությամբ խնդիրների առկայության դեպքում: Այսինքն, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների բորբոքում է հաճախ լինում, որն ամեն մի պացիենտի մոտ տարբեր դրսևորումներ ունի՝ քոր, մրմռոց, արտադրություն, կարմրություն, անհանգիստ վարք, լաց, միզելու և աղիների գործելու ֆունկցիայի խանգարում: Այն կարող է նաև արտահայտվել մանկական օնանիզմի տեսքով: Երբ երեխային մի բան ի սկզբանե խանգարում է ու նա, ձեռքը տանելով այդ հատված, փորձում է շտկել իրենց խանգարող խնդիրը, խուտուտ են զգում և արդյունքում ինչ-որ հաճելի զգացողություն են ունենում: Սակայն դա ոչ մի կապ չունի օրգազմի, սեռական ցանկության հետ »,-նշեց մասնագետը:
Մյուս խնդիրը, որով դիմում են մասնագետին, սեռական օրգաների սերտաճման հետ է կապված։
«Շատ հաճախ հենց բժիշկները, տեսնելով տվյալ խնդիրը, կարող են սխալ ախտորոշումներ անել: Երբեմն շատերը նշում են, որ տվյալ երեխան հեշտոց չունի, սակայն դա այդպես չէ: Նշեմ, որ այդ խնդիրը հիմնականում ձեռքբերովի է, սեռական մեծ և փոքր շրթունքների ներաճում է։ Իհարկե, ավելի հաճախ հանդիպում է սեռական փոքր շրթերի սերտաճում: Այն լիարժեք շտկելի խնդիր է, որը երբեք պացիենտի վրա որևէ ձևով չի անդրադառնա և կապ չունի հեշտոցի և արգանդի ձևավորման հետ»,- ասաց մանկական գինեկոլոգը։
Բժշկուհին հավելեց, որ կյանքի առաջին 3 տարիների ընթացքում շատացել է երեխաների մոտ կիստաների առաջացումը և դրանցով պայմանավորված գանգատները, որոնք ուղեկցվում են որովայնի ստորին շրջանի ցավի տեսքով.« Այս պարագայում էլ լրացուցիչ լաբորատոր գործիքների հետազոտությամբ հայտնաբերվում են կիստաներ, որոնք տարբեր դեպքերում տարբեր բուժում ունեն: Օրինակ, եթե կիստան առաջացել է կյանքի առաջին 3 տարվա ընթացքում, սովորաբար անցնում է և որևէ կլինիկական դրսևորում չի ունենում: Ավելի մեծ կիստաների դեպքում ցուցված է նաև փոքր կոնքի ՄՌՏ հետազոտություն և երբեմն ախտորոշիչ և բուժիչ լապարասկոպիա, որի արդյունքում պարզվում է կիստայի բնույթը՝ արդյոք ոլորում կա՞, թե՞ ոչ: Դրանից հետո պարզ է դառնում՝ վիրահատության կարիք կա՞, թե՞ ոչ: Հաճախ կիստա տերմինը լսելով՝ ծնողները վախենում են․ ժամանակին մասնագետին դիմելով՝ կարելի է շտկելով ամեն ինչ՝ ձվարանը պահպանելով, սակայն ունենում ենք բարձիթողի վիճակներ, երբ կիստան ոլորման է ենթարկվում, և այդ ժամանակ հնարավոր չի լինում պահպանել ձվարանը»:
Գինեկոլոգ Քոչարյանը շատ կարևոր է համարում ծնողի աչալրջությունը: Եթե նկատումեն, որ երեխայի մոտ որևէ գանգատ կա, պետք չէ հետաձգել բուժումը։
«Սակայն պետք է փաստեմ, որ հիմա մի փոքր այլ է: Երբ նոր էի աշխատանքի ընդունվել, այն ժամանակ ավելի շատ էին ինքնաբուժությամբ զբաղվում: Ժամանակի ընթացքում շատ ծնողների մոտ այդ տենդենցը կոտրվել է: Դրա համար շատ ուրախ եմ: Ես էլ ամեն ինչ փորձում եմ անել, որ մարդիկ չամաչեն դիմել բժշկի: Ավելի լավ է դիմեն, իրենց ապահովագրեն և հետագայում առողջ լինեն: Այս պարագայում ժամանակն ամենաթանկն է»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով հիգիենային, բժշկուհին խորհուրդ տվեց չչարաշահել օճառը. «Այն կարելի է օգտագործել շաբաթվա մեծ 2 անգամից ոչ ավելի: Թանկ օճառի մեջ որևէ լավ բան չկա, և հակառակը՝ էժանի մեջ ոչ մի վատ բան չկա: Կարևորը չարաշահում չարվի և հիգիենան ճիշտ պահվի։ Կարող են բուսական միջոցներով՝ երիցուկի, չերեդայի թուրմերով լվացումներ կատարել, ինչպես նաև թույլ սոդայաջրով լվացումներ, և ամենաառաջնահերթը՝ հոսող ջրով: Լոգանքի տարաբնույթ գելերը, որոնք հոտավետ են, պիտանի չեն: Ամեն օր պարտադիր պետք է հոսող ջրով լվացումներ անել, հագնել մաքուր բամբակից ներքնաշորեր, առավելագույնս խուսափել սինթետիկայից և երեխայի համար հարմար հագուստ ընտրել, որը նրան չնեղի»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։