15/05/2023 16:50
Ընտանիքի միջազգային օրն է. Զրույց՝ ընտանեկան հոգեբանի հետ
Մայիսի 15-ին, համաձայն ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի, ամբողջ աշխարհը նշում է ընտանիքի օրը։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ ծանոթանալու ընտանեկան կյանքի ամենահրատապ խնդիրների, ընտանիքի պլանավորման առավելությունների, ընտանեկան արժեքների և, վերջապես, երջանիկ ընտանեկան կյանքի հետ:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք «կինը վիզն է, տղամարդը՝ գլուխը» հայտնի արտահայտությունը։ Որքանո՞վ է արժևորվում կնոջ դերն ընտանիքում.
- Ի վերջո, կինը հսկայական պատասխանատվություն ունի, նրանից է կախված ընտանիքում տիրող մթնոլորտը, նրա բոլոր անդամների տրամադրությունը։ Ընտանիքում կնոջ և տղամարդու հարաբերություններում կա մի հետաքրքիր կետ. կյանքի ընթացքում այդ դերերը կարող են փոխվել, և դրանում ոչ մի անբնական բան չկա։ Երկու կողմն էլ պետք է վարվեն խորագիտորեն և քայլեն համաչափ՝ այդ քայլերն ուղղելով մեկ սեփական նպատակի՝ ամուր ու աներեր ընտանիք ստեղծելու գաղափարի իրականացմանը։
- Արդյոք արժե՞ «դիմանալ կամ ներել» հանուն երեխաների՝ բաժանությունը կանխելու նպատակով.
- Հանուն երեխաների միայն պետք է ազնվորեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել տղամարդու և կնոջ միջև։ Պարզելու համար պետք է խոսել, անկեղծ լինել զգացողություններում ու քայլերում, իսկ հարցի վերջնական դրական լուծման բացակայության հիմքով բաժանվել և պահպանել առողջ ծնողավարություն։
Շատ ծնողներ միամտորեն հավատում են, որ երեխան ոչինչ չի կասկածում և երջանիկ է՝ ապրելով անբնական ընտանիքում, հենց այստեղ է, որ ես ուզում եմ խորհուրդ տալ ծնողներին, որպեսզի ազնիվ լինեն առաջին հերթին իրենց, ապա երեխայի հանդեպ և չվերածեն վերջինիս կյանքը կրկեսի։ Նման իրավիճակում հայտնվելուց հետո երեխան սկսում է տառապել ամենադժվար բանից՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Եվ այս պահին սկսում է խաթարվել վարքագիծը, հետո բնավորությունն ու հոգեբանական վիճակը, ի վերջո՝ անհատականությունն ու ճակատագիրը։
Հոգեբանի կարծիքով, երեխայի հետ այս թեմայով խոսել-չխոսելը կախված է միայն նրա տարիքից։ Այս դեպքում ավելի լավ է կապվել մանկական հոգեբանի հետ, ով ծնողներին կուղղորդի, թե ինչպես վարվել լավագույնս:
Զրույցի ընթացքում հոգեբանն անդրադարձավ նաև շատ քննարկվող մի հարցի, ըստ որի ընտանիքում նոր երեխան կարող է ամրապնդել զույգերի հարաբերությունները:
«Պատահում է, որ հասուն տարիքում զույգը, արդեն ունենալով մեկ երեխա, սկսում է պլանավորել երկրորդի ծնունդը՝ հույս ունենալով, որ նա կամրապնդի հարաբերությունները, կվերադարձնի հին սերը։
Պետք է նշել, որ դա մեծ անպատասխանատվություն ու եսասիրություն է։ Դա կլինի ամենաարագ և ծնողների կարծիքով ամենահեշտ ճանապարհը, որը, սակայն, չի երաշխավորելու հետապնդվող նպատակի իրականացումը։ Սերը վերադարձնելու համար ավելի լավ է փորձել այլ միջոցներ՝ զրուցել, բաց աչքերով նայել խնդիրներին, միասին առանձնանալ, ճանապարհորդել, եթե իհարկե կա կորցրածը վերագտնելու անկեղծ ցանկություն»,- վստահ է հոգեբանը։
Զրույցի վերջում Մերի Հարությունյանը դեռևս չամուսնացածներին խորհուրդ տվեց լավ ճանաչել միմյանց, չշտապել, միշտ հիշել, որ ընտանիք կազմելը մեծ պատասխանատվություն է ենթադրում և պետք է պատրաստ լինել տարատեսակ խնդիրների հաղթահարմանը։
Հոգեբանն անդրադարձավ նաև այն ժամանակահատվածին, երբ առավել օպտիմալ է ամուսնության պլանավորումն ու ընտանիք կազմելու գաղափարի իրականացումը.
«Մարդիկ զարգանում են ըստ բնության օրենքների, նրանք, ինչպես ցանկացած կենդանի էակ, ունեն որոշակի ժամանակահատված, երբ ամբողջ մարմինը և հոգեկանը կարգավորվում է և պատրաստ են սեր զգալու և ընտանիք ստեղծելու համար:
Հետաքրքիր փաստ է, որ ճշգրիտ տարիքը կախված է նաև մարդու աշխարհագրական դիրքից: Օրինակ, հյուսիսային ժողովուրդների մոտ կարծում են, որ մինչև 25 տարեկան աղջիկը հասուն չէ, ինչը նշանակում է, որ նա չի կարող ամուսնանալ և առողջ սերունդ մեծացնել։ Հարավային բնակիչների համար ընդունված է ընտանիք կազմել շատ ավելի վաղ՝ սկսած 16 տարեկանից։ Մենք ինչ-որ տեղ մեջտեղում ենք, և մեր տղաների և աղջիկների համար ամուսնության և երեխաների պլանավորման օպտիմալ տարիքը 20-27 տարեկանն է»,-ասաց նա:
Հոգեբանը ընտանիքի ամրության ու կայացման գործում կարևորեց նաև զույգերի՝ ծնողներից առանձին կենցաղը.
«Ես խորապես համոզված եմ, որ իրենց ներկայիս կյանքում երիտասարդ զույգը պետք է առնվազն մեկ տարի միասին ապրի առանձին տարածքում։ Զույգերի ճնշող մեծամասնությունը բաժանվում է, քանի որ նրանք չգիտեն՝ ինչպես ապրել միասին: Նրանք պետք է սովորեն, թե ինչպես միասին հանգստանալ, զվարճանալ, նույնիսկ աշխատել և տնտեսություն վարել, կենցաղ կիսել: Նման փորձը կարծրացնում, փորձարկում է սիրո ու փոխվստահության ուժը և ընտանիքին ապահովում ամուր ապագա»,-զրույցն ավարտեց հոգեբանը։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։