15/05/2023 18:50
Եվրոպացի պաշտոնյան չպետք է քիթը մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է․ հայելային հետքաշման հիմար գաղափարով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու ՀՀ նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատել
«Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձևակերպումը, որը օգտագործվել է Բրյուսելում»,- ասել էր նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, լրագրողների խնդրանքով արձագանքելով այս հայտարարությանը, ընդգծել է․ «Ձեր նշած եվրոպացի պաշտոնյան պետք է քիթը չմտցնի այնտեղ, որտեղ մտցնում է և չանի հայտարարություններ, որին կամ չի տիրապետում, կամ նպատակային փորձում է խեղաթյուրել»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտ ագրեսիայի է դիմել, օկուպացրել Հայաստանի ու Արցախի տարածքները, ինչն էլ հազարավոր զոհերի է հանգեցրել, միջազգային հանրության տեսակետներն այլ տրամաբանությամբ պետք է լինեն։
«Ինչ վերաբերում է այդ հայելային հետքաշման հիմար գաղափարին, ապա դա Ադրբեջանի համար նոր հնարավորություն է դառնալու ինչպես լեգիտիմացնելու իր կողմից օկուպացված տարածքները, այնպես էլ նոր հնարավորություն է բացելու Հայաստանի Հանրապետության նոր բնակավայրերի, նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որովհետև մի կողմից Հայաստանի այս իշխանություններն են, որոնք անվերջ զիջողականություն են դրսևորում, և Ադրբեջանի գործադրած ճնշումներն ու տված հսկայական վնասին որևէ ձևով դիմակայություն չեն ցուցաբերում, մյուս կողմից ունենք Ադրբեջանի նման ագրեսիվ հարևան, որը որևէ պայմանավորվածություն չի պահպանում և պատրաստ է օգտագործել ցանկացած հնարավորություն՝ Հայաստանին նոր վնասներ պատճառելու համար։ Այդ վնասները կլինեն տարածքային, թե մարդկային, նրա համար որևէ տարբերություն չկա»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին արվող հղումներին, Աբրահամյանն ընդգգծել է՝ նույնիսկ դրանք պատշաճ չեն ներկայացվում․ այդ հռչակագրով Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի կազմում։
«Իրավական առումով չի կարելի հղում անել Ալմա-Աթային, և դրանով Արցախը համարել Ադրբեջանի կազմի սուբյեկտ, որովհետև այնտեղ ժամանակին արվել են վերապահումներ, որոնք վերաբերել են այնպիսի սուբյեկտների, ինչպիսին ժամանակին եղել է ԼՂԻՄ-ը, և Արցախը մինչ այդ արդեն իսկ անկախության հռչակման մասին հայտարարել էր, տեղի էր ունեցել հանրաքվե։ Ալմա-Աթայի հայտնի գագաթնաժողովը որևէ առնչություն չի կարող ունենալ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հետ։ Այլ բան է, որ ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել եղած-չեղած բոլոր պայմանավորվածությունները, համաձայնագրերը, հայտարարությունները՝ ամեն գնով Արցախն Ադրբեջանի կազմ հրելու համար»,- շեշտել է Տիգրան Աբրահամյանը։