15/05/2023 21:02
Տարօրինակ է տիտուլային ընդդիմադիր ուժերի պահվածքը․ Կարծում եմ՝ վերջին ամիսներին ռեալ գործողություններով չեն զբաղվում․ Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համոզված է, որ հնարավոր էր կանխարգելել նախօրեի բրյուսելյան հայտարարությունը, եթե 2021-ի թվականին իրապես գիտակցվեին 2020 թվականի հետևանքները։
«Դրա մասին զգուշացնում էին թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական որոշ շրջանակներ, որ 2020 թվականի պարտությունը դեռ ամենավատը չէ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո արդեն լուրջ կասկածներ կային, որ կան ոչ միայն թղթի վրա ձևակերպված պայմանավորվածություններ, այլև պայմանավորվածություններ, որոնք գաղտնի են: Այն ժամանակ ասվում էր, որ պետք է բանակցողը փոխվի, որպեսզի որևէ այլ պարտավորություններ նոր բանակցողը չունենա և փորձեն զրոյական կետից խոսել: Եթե 2020 թվականին փոխվեր բանակցողը, այսօրվա դրությամբ, կարծում եմ, մենք շատ ավելի հարմար դիրքում կլինեինք՝ ավելի քիչ պարտավորություններով և այս աստիճանի կաշկանդված չէինք լինի»,-շեշտեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը մասնագիտական շրջանակների և շահագրգռված հանրության համար անանկնկալ չի եղել։
«Այն, որ Նիկոլ Փաշինյանը գնալու էր և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեր, ոչ մեկի համար նորություն չէր: Կարծում եմ՝ վերջին ամիսների ընթացքում Փաշինյանն առավել քան թափանցիկ է եղել այդ առումով, գուցե որոշ դետալներ փորձում էր թաքցնել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է, սակայն նա ասում է, թե այն «ճանաչվել է» դեռ «նախկինների» կողմից։ Աասում էր, որ մեծ սիրով կստորագրի այդ փաստթուղթը, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29.8 քառ կմ տարածքով»,- նշեց քաղտեխնոլոգը։
Այն, որ Արցախից գործող իշխանություններն իրենց «ձեռքերը լվացել» էին, ըստ Վիգեն Հակոբյանի, նույնպես վաղուց պարզ էր։
«Փաշինյանը բազմիցս հայտարարում էր, որ պատերազմի ընթացքում էլ հնարավորություն չունենք պաշտպանելու Արցախը, մենք էլ անվտանգության երաշխավոր չենք, դա ռուսների պատասխանատվության գոտին է: Եվ հայտարարում էր՝ թող Արցախն Ադրբեջանի հետ գնա պայմանավորվածությունների: Այսինքն, այս առումով հետաքրքրված հանրության համար սա անակնկալ չէր, և նրանք գիտեին, թե ինչ է սպասվում »,- ասաց նա։
Հարցին՝ ինչու քաղաքացիները, ընդդիմադիր ուժերը հայտարարությունից հետո դուրս չեկան փողոց՝ պայքարի, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Այնպես չէ, որ մինչև երեկ բոլորը համախմբված էին մի օրակարգի շուրջ, իսկ երեկ փողոց դուրս չգալը տարօրինակ էր: Նույն ռեակցիան, նույն անտարբերությունն է, ինչը եղել է նոյեմբերի 9-ից հետո: Հասարակության այն հատվածը, որը հետաքրքրվում է երկրի խնդիրներով, անկախությամբ, անվտանգությամբ, մի քանի անգամ փողոց է դուրս եկել: Մյուս հատվածները ինչպես եղել են թմբիրի մեջ, այդպես էլ երեկ էին, այսինքն, նրանց համար առանձնապես բան չի փոխվել: Այստեղ քաղաքական ուժերի պահվածքն էր տարօրինակ․ թե ինչու նրանք հայտարարությունից հետո որևէ ռեակցիա չտվեցին: Այս պահի դրությամբ աչքովս չի ընկել որևէ քաղաքական հայտարարություն՝ բրյուսելյան հայտարարության վերաբերյալ: Կարծում եմ՝ վերջին ամիսներին ընդդիմությունը ռեալ գործողություններով չի զբաղվում։ Փողոցից վերադառնալով խորհրդարան, ըստ էության, նրանք բավականին «կոմֆորտային զոնայում» են գտնվում և ավելի շատ զբաղված են կառուցողական ընդդիմադիր գործունեությամբ, քան այն միսիայով, որի համար նրանց խորհրդարան են գործուղել»: