15/05/2023 13:37
Զանգեք ցանկացած արցախցու ու նորմատիվ, երբեմն էլ ոչ նորմատիվ լեքսիկոնով լսեք, թե ինչ է սպասվում, եթե հանկարծ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
Բրյուսելում երեկ կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 ք կմ և Ադրբեջանի՝ 86600 ք կմ համապատասխան տարածքային ամբողջականությանը:
Ընդդիմությանը կարելի է քննադատել կառուցողական, սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը, ընդդիմությունը ձախողելու է, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քննադատություններին, թե ընդդիմությունն էլ ոչինչ չարեց, որպեսզի Բրյուսելի երեկվա հայտարարությունը չլիներ, ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, գործիչ գոնե ինքն իր առաջ պետք է պատասխան տա՝ իսկ ինչո՞վ է ինքը թերացել ցայսօր: Եվ հետևություններ անի դրանից: Քավ լիցի, բացարձակ հրապարակային ելույթների մասին չեմ խոսում կամ հրապարակային մեղայականների, այլ հակառակը: Ոչ ոք չնեղանա, յուրաքանչյուրս պետք է ինքներս պատասխանենք, թե ինչ ենք արել մինչև հիմա սխալ և ինչ ենք անելու հետագայում ավելի ճիշտ: Իսկ ընդդիմության, մասնավորապես, ՀՀԿ-ի պլանների մասին խոսելը ճիշտ չեմ համարում, բայց կարող եմ հստակ ասել, որ ես ու իմ կուսակից ընկերները, ավագ ընկերները երբեք հետ չենք կանգնելու պայքարից: Պարյքարը շարունակվելու է ամեն տեղ: Ես խորապես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բացարձակապես ԱԺ-ի օղակով հնարավոր չէ: Օրենքի տեսանկյունից նաև անհնար է բացառապես փողոցով, ուստի դա անհրաժեշտ է իրականացնել փողոցի և իրավական գործընթացների համադրմամբ՝ փողոցի ճնշմամբ և իրավական գործընթացների իրականացմամբ, որտեղ շատ ավելի կարևոր դեր է զբաղեցնելու փողոցային պայքարը: Սա իմ մոտեցումն է», - հայտարարեց Մամիջանյանը։
Անդրադռնալով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, Մամիջանյանը նշեց. «Մենք դրա մասին զգուշացնում էինք: Ցավոք, այս մի քանի տարին հիմնականում դրանով էինք զբաղված: Բրյուսելյան հանդիպման մասով ինձ համար ոչ մի անակնկալ չի եղել, երևի Փաշինյանի լկտիության աստիճանն էր միայն անակնկալ, չնայած դա էլ ինձ արդեն այդքան չի զարմացնում: Մենք շատ վաղուց գիտեինք, թե ինչի շուրջ են բանակցում և այդ մասին զգուշացնում էինք: Քանի որ մեր հայրենակիցներից որոշները մեր ասածներին չհավատացին, մենք որոշեցինք փաստաթղթեր հրապարակել և Արմեն Աշոտյանը հրապարակեց, թե ինչի վերաբերյալ են բանակցությունները գնում: Դրանից հետո ես հրապարակեցի եվրոպացի պաշտոնյաների աշխատանքային զրույցի բովանդակությունը, ես գնացի այդ քայլին, բացառապես նրա համար, որպեսզի մեր հայրենակիցներին ապացուցենք, որ ճիշտ ենք ասում: Ոմանք հավատացին, ոմանք՝ ոչ: Հիմա հույս ունեմ, որ 2018, 2021 թվականներին Փաշինյանին հավատացել են, երեկ ել են հավատացել: Ցավալի էր, շատ»:
Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ-ում ոչ ոք իրավունք չունի պայքարի կոչ անել արցախցուն, քանի որ հենց արցախցիք են իրենց օրինակով ցույց տալիս, թե ինչպես կարելի է տոկուն լինել. «Բայց քանի դեռ Երևանում Փաշինյանի հարցը չի լուծվել, ոչ միայն Արցախը, այլ Հայաստանը անվտանգ չեն լինելու: Իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր պատկերացնում են, թե իբր Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում և անհասկանալի իրավունքներով ու ազատություններով խնդիրը լուծվի, խնդրում եմ զանգեն իրենց ցանկացած ծանոթի, ով Արցախում է ու նորմատիվ, իսկ երբեմն էլ ոչ նորմատիվ լեքսիկոնով լսեն, թե ինչ է սպասվում արցախցուն, եթե հանկարծ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»: