15/05/2023 15:14
Սիրո և հարգանքի վրա կառուցված ընտանեկան հարաբերությունների արդյունքում կարող է ապահովվել երեխաների լիարժեք խնամքն ու դաստիարակությունը․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Դեռևս 1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 15-ը հռչակել է որպես Ընտանիքի միջազգային օր, իսկ 2011 թվականին այն ամրագրվել է նաև ՀՀ օրենսդրությամբ։
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է ընտանիքի հատուկ պաշտպանության պահանջը՝ հաշվի առնելով բարեկեցիկ և համերաշխ հասարակության ձևավորման հարցում ընտանիքի կարևորությունը։ Միաժամանակ, միայն փոխադարձ սիրո և հարգանքի վրա կառուցված ընտանեկան հարաբերությունների արդյունքում կարող է ապահովվել երեխաների լիարժեք խնամքն ու դաստիարակությունը։
Այդ համատեքստում առաջնային են մնում ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության առկայությունը, ընտանիքում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ինչպես նաև երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը։
Առանցքային նշանակություն ունի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շարունակումը, գործող օրենսդրության բարելավումը, ինչպես նաև հիշյալ գործերի քննության բնագավառում իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների կարողությունների զարգացումն ու գենդերազգայուն մոտեցումների ձևավորումը և ամրապնդումը։ Այս առումով կարևոր է փաստել, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների շրջանակում հետևում է նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությանը։
Ամեն տարի նշվող այս տոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում ևս մեկ անգամ ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում»: