15/05/2023 18:11
Դատավոր Արամ Գրիգորյանը հանցագործություն է կատարում․ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը վերջացել է, բայց առանց կալանքը երկարաձգելու որոշման՝ նրան պահում է անազատության մեջ․ Փաստաբան
«Հենց հիմա, այս դատական նիստերի դահլիճում դատավոր Արամ Գրիգորյանը հանցագործություն է կատարում։ Մեր կողմից փորձ արվեց կանխել այդ հանցագործությունը, բայց դատավորը որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է»,- , քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը, ում դատավորը հեռացրել էր վարույթից։
Նշենք՝ այսօր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական հերթական նիստն է, լրանում է նրա խափանման միջոց կալանքի երկամսյա ժամկետը, սակայն դատարանը, ինչպես նշում են փաստաբանները, առանց կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու՝ Գրիգորի Խաչատուրովին շարունակում է պահել անազատության մեջ, իսկ պաշտպանական խմբի առարկություններին արձագանքը եղել է փաստաբաններից մեկին վարույթից հեռացնելը։
«Գրիգորի Խաչատուրովը այսօր՝ 16։45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել է։ Դատարանը հրաժարվում է։ Ապօրինի կերպով մարդուն պահում են անազատության մեջ՝ այն պարագայում, երբ դատարանի որոշում առկա չէ՝ կալանքի վերաբերյալ։ Այսինքն, հենց հիմա անձը ազատ քաղաքացի է հանդիսանում, կալանավորումը՝ որպես խափանման միջոց, ընտրված չէ։ Դատարանին դրա կապակցությամբ մատնանշում կատարելուց հետո և պահանջից հետո, որ դատարանն ազատ արձակի Գրիգորի Խաչատուրովին, իսկ ոստիկաններին դուրս հրավիրի նիստերի դահլիճից, դատարանը որոշեց, որ Գրիգորի Խաչատուրովը այս պահին ևս կալանքի տակ է՝ առանց դատարանի որոշման»,- ,մանրամասնեց փաստաբանը։
«Դա կլասիկ հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով՝ անձին ապօրինի արգելանքի տակ պահելը։ Այս պարագայում Գրիգորի Խաչատուրովը դատավոր Արամ Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ, ու այդ գործողությունները բարձրաձայնելու հետևանքով ինձ դատական նիստերի վարույթից հեռացրեցին՝ առանց պատճառաբանելու, թե ինչ կարգապահական խախտում եմ թույլ տվել»,- ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։