15/05/2023 21:41
Ռուսաստանն առաջարկում էր ԼՂ հարցը թողնել ապագա սերունդներին, սակայն ընտրվեց Արևմուտքի առաջարկը․ Բայց կա նաև ԼՂ ժողովուրդը, և այսօր նրա կողքին ռուս խաղաղապահներն են կանգնած․ Տարասով
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման առանցքային կետն է համարում այն, որ հայտարարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների թվերով ֆիքսվեց է մի բան, ինչի մասին տարիներ շարունակ խոսում էին վերլուծաբանները, ենթադրություններ անում քաղաքական գործիչները։
Այդ մասին քաղքագետն ասել է 168․am-ի հետ զրույցում։
Ըստ նրա՝ պատերազմից հետո դեռևս պարզ է եղել, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից, բազմաթիվ հայտարարություններ արել տողատակերով, շատ է քննարկվել, թե դա ինչ է նշանակում, և իրականում ինչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները, և երբեք չեն հնչել ուղիղ պարզաբանումներ։
«Պրահայի հանդիպմանը կողմերը հիմք ընդունեցին Ալմա Աթայի հռչակագիրը, երկար ժամանակ քննարկվեց, թե Հայաստանն արդյոք ճանաչո՞ւմ է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է այս թեմայից և արժանացել բազմաթիվ քննադատությունների։ Սակայն Պրահայում ընդունեցին այդ հռչակագիրը՝ որպես հիմք, և այդ օրակարգով ժամանեցին Սոչի, և այնտեղ, բնականաբար, չհաջողվեց այլ բան քննարկել։ Պարզ է նաև, թե ինչու էր արևմտյան հարթակը ձեռնտու Ալիևին։
Այս ընթացքում մինչև անգամ ողջ պատասխանատվությունը դրվեց Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանն է պատասխանատու ԼՂ-ի համար, այսինքն՝ ՀՀ-ն, ՀՀ իշխանություններն անելիք չունեն ԼՂ հարցում։ Շատ հայտարարություններ եղան, սակայն այս կողմերի հետ համաձայնեցված հայտարարությունը ցույց տվեց, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ սա հստակեցրեց պաշտոնապես ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Սրանով էր այս հանդիպումը կարևոր։ Ռուսաստանն առաջարկում էր ԼՂ հարցը թողնել ապագա սերունդներին, սակայն ընտրվեց Արևմուտքի առաջարկը, որը սա էր, և եթե դա ընդունելի է բոլորի համար, ապա ամենայն հավանականությամբ կստորագրվի, քանի որ Արևմուտքը մեծ ջանքեր է ներդնում, Փաշինյանն ու Ալիևը համաձայն են այս խաղին, Ռուսաստանն էլ չի մասնակցում այս գործընթացին։ Բայց կա նաև ԼՂ ժողովուրդը, որը սա չի ընդունում, և այսօր ԼՂ ժողովրդի կողքին ռուս խաղաղապահներն են կանգնած, որքան էլ ամեն ինչ այնտեղ գոհացուցիչ չէ, սակայն այնտեղ կողմ են եղել ռուսական առաջարկին։ Ասել, որ այս հանդիպումը տալիս է բոլոր հարցերի պատասխանները և կանխորոշում ապագան, սխալ կլինի, քանի որ աշխարհաքաղաքական գործընթացները բարդ ու անկանխատեսելի են»,- ասել է Ստանիսլավ Տարասովը։