15/05/2023 11:39
ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։
Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերի դուսբերմանը՝ Հովհաննիսյանն ասաց, թե այդ գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի կողմից, այլև միջազգային մի շարք գործընկերների կողմից։
Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում: