15/05/2023 14:14
Ի՞նչ վիճակ է այս պահին Արցախում. ի՞նչ է պատրաստվում անել արցախցին
Այնպես չէ, որ երեկ պարզ դարձավ, որ այդ քայլին են գնալու: Դա պարզ էր արդեն 2018 թվականից, երբ իշխանությունը զավթեցին:
Այդ մասին Aysor․am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից արդեն ակնհայտ էր, թե դեպի ուր են գնում ՀՀ-ի ներկայիս իշխանությունները և ինչպիսին են այդ պարագայում Արցախի իշխանությունների քայլերը:
«Բնականաբար, եթե մենք Արցախում ունենայինք ազգանպաստ աշխատող իշխանություններ, վստահ կասեի, որ առոչինչ է այն, ինչն իրականացնում է ՀՀ վարչապետը: Բայց քանի որ մենք Արցախում ունենք ՀՀ-ի իշխանություններին ենթարկվող իշխանավորներ, որոնք իրենց լռությամբ դառնում են մասնակիցը Արցախի շուրջ նման գործընթացների ձևավորման, այդքան վստահ չենք կարող ասել: Սակայն, չենք մոռանում Արցախի ժողովրդի կամքի մասին, քաղաքական ուժերի մասին, որոնք բացարձակ այդ օրակարգը չեն ընդունում, չեն էլ ընդունելու: Ամեն դեպքում դժվարանալու է պայքարն այնքանով, որ մենք երեք ուղղությամբ ենք պայքարելու՝ Ադրբեջան-Թուրքիա, Հայաստանի և Արցախի իշխանություններ», - հավելեց նա:
Հակոբյանն ավելացրեց, որ ինչ կատարվում է, իրենց համար ընդունելի չէ. «Այն աշխատանքները, որոնք նախաձեռնել ենք մոտ երկու ամիս, մենք նույն օրակարգով շարունակում ենք, որևէ կերպ չշեղվելով դրանից՝ ստեղծել ճակատ, որով կկարողանանք մեր ձայնը հասանելի դրձնել և գործընթացներում կոնկրետ դերակատարում ունենալ»:
Անդրադառնալով այս պահին Արցախում տիրող իրավիճակին, պատգամավորը տեղեկացրեց, որ այնտեղ հիմնականում շեղող իրավիճակ է.«Ըստ էության, դրան պետք է հաջորդեր հանրային ինքնաբուխ գործընթաց, որը տեղի չունեցավ՝ պայմանավորված նրանով, որ Նիկոլ Փաշինյան երկրորդ արարն Արցախում էլ է տեղի ունենում: Այսինքն՝ կան ուժեր, որոնք ամեն կերպ ցույց են ուզում տալ, որ իշխանությունը զավթել են հանուն Արցախի փրկության, սակայն իրենց բոլոր գործընթացները մի նպատակ ունեն՝ այստեղ լինել Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ականջները: Եվ ներսից փորձում են շեղել հանուն Արցախի փրկության բոլոր գործընթացները և բնակչությանը տանել իրենց օրակարգով»: