15/05/2023 14:36
Եթե ապրեինք իրավական պետության պայմաններում՝ կնախաձեռնվեր քրեական վարույթ, խորհրդարանում կմեկնարկեր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց
Երեկ տարածվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթն առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրին, և՛ Հայաստանի (29,800 կմ2) և՛ Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը, իսկ սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ ավելացնելով․
«Վերոգրյալից բխում է, որ Հայաստանի ղեկավարը՝
ուրանալով հայ ժողովրդի տասնամյակների արյունալի արդար պայքարը, խախտելով հայոց պետականության հիմնարար իրավական փաստաթղթերը՝ ամփոփում է Արցախի Հանրապետության գոյության հիմքերի վերացման փուլը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։
Ի՞նչ տեղի կունենար, եթե մենք ապրեինք իրավական պետության պայմաններում.
1. Կնախաձեռնվեր քրեական վարույթ առնվազ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» վերտառությամբ հոդվածով
2. Խորհրդարանում կմեկնարկեր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ի վերջո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Եվ այս որոշումն ուժի մեջ է»։