15/05/2023 17:00
Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը. Խաչատուրյանը՝ Հունգարիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո, Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան: Վստահ եմ, որ Ձեր անձնական ներդրումը կունենաք մեր հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահը:
Դեսպան Աննա Մարիա Շիկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և նաև Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը: