15/05/2023 18:23
Մուցքում տեղադրվել է 44-օրյա պատերազմին որպես կամավոր մասնակցած Ռուբիկ Մաիլյանին նվիրված հուշաքար
Մայիսի 15-ին Մուցք բնակավայրում տեղադրվեց 44-օրյա պատերազմի հերոս Ռուբիկ Հովհաննեսի Մաիլյանին նվիրված հուշաքար։ Այդ մասին տեղեկացնում է Սիսիանի համայնքապետարանը։
Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, բնակավայրի բնակիչներ, հերոսի հարազատներն ու ընկերները:
Կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որն ուղեկցվեց ասմունքով, երաժշտական կատարմամբ:
Ներկայացվեց նաև հերոսի հարուստ կենսագրությունն ու անցած ուղին:
Ռուբիկ Հովհաննեսի Մաիլյանը ծնվել է 1969թ.-ին՝ Մուցքում:
Սովորել է տեղի դպրոցում:
Խորհրդային բանակից վերադառնալուն պես մասնակցել է երկրաշարժից հետո Գյումրու վերակառուցման աշխատանքներին:
20 տարի ծառայել է Սիսիանի թիվ N զորամասում և զբաղեցրել տարբեր պաշտոններ:
Ընկերասեր էր, ընտանիքակենտրոն, իսկ այն հանգամանքը, որ Արցախյան Առաջին, Ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմներին մասնակցել է կամավորական սկզբունքով, վկայում է նրա անսահման և անեզր հայրենասիրության մասին:
Ցավոք, մարտական գործողությունների ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին հերոսաբար անմահացել է՝ Հադրութի մոտակայքում:
Ընկերներն ու հարազատները, համագյուղացիներն ու աշխատակիցները հիացմունքով և մեծագույն ոգևորությամբ են հիշում նրա մասին:
Այժմ, որդիների և հարազատների նախաձեռնությամբ բնակավայրի կենտրոնում տեղադրված հուշաքարի և խաչքարի շնորհիվ՝ նրան կհիշեն նաև գալիք սերունդները: