15/05/2023 13:46
Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը. Նարեկ Մկրտչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։
«Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը, և սա լավագույս գիտակցելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ծնելիության խրախուսման, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։
Այս տեսլականի իրագործման համար է, որ մշակում ենք Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության ծրագիրը, որն ուղղված է ընտանիքների բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովմանը։
Ծնելիության խրախուսման նպատակով՝ պետության կողմից կարևորվում է մայրերի առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծառայությունների ներդնումը, վերջիններիս համար կրթական և աշխատանքային ճկուն հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթանների ներդնումը։
Այս նպատակները միս ու արյուն են ստանում մեր կողմից իրականացվող միջոցառումների միջոցով․ այդ համատեքստում՝ Կառավարությունը երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու համար վերջին տարիներին շարունակական ծրագրեր է իրականացնում, որոնք արդեն իսկ ունեն շոշափելի արդյունքներ։ Եթե համեմատենք 2018 և 2022 թթ․ ցուցանիշները, կտեսնենք, որ 5 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է ավելի քան 40 %-ով։
Այս օրը նաև մեր հայրերի ու մայրերի, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների օրն է, որոնց ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերությունը ևս առաջնահերթություն է, և դա ապահովելու համար նախատեսում ենք կայուն աշխատանքներ տանել՝ խթանելու նրանց ներգրավումը պետության սոցիալ-տնտեսական կյանքում ու առավել արդյունավետ օգտագործել նրանց ներուժը։
Շնորհավորելով տոնի առթիվ՝ մեր հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և ամենայն բարիք»,- ասվում է ուղերձում։