15/05/2023 17:54
Սևանա լճի տարածքում ջրային պարեկային ծառայությունը կգործի հոկտեմբերից. 4 հենակետ է ստեղծվելու
Գեղարքունիքի պարեկային կազմում հոկտեմբերին ջրային ստորաբաժանում կստեղծվի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ ջրային պարեկային ծառայության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբեր ամսին:
Ստորաբաժանումը կկարողանա Սևանա լճի մակերևույթին անմիջապես և դրա առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ունեցող ծառայություն։
Կարգավորումներով ոստիկանության ներկայացուցիչը կարող է նաև սթափության վիճակի զննություն իրականացնել, մեկուսացնել ոչ սթափ վիճակում լողամիջոցը վարող անձին, ստուգել հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար, ինչպես նաև տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը:
Ըստ փոխնախարարի` նախատեսվում է ջրային պարեկային ծառայության համար ունենալ վաշտի կարգավիճակով 95 հաստիքային միավորով կառուցվածքային միավոր Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կազմում:
4 հենակետեր կսպասարկեն Սևանա լճի մակերևույթը և առափնյա հատվածը: