15/05/2023 11:25
Նորմալ չի, որ ամսով փոսը փորած ա, և որևէ բան տեղի չի ունենում, շատ վատ ենք դրան նայում․ Ավինյան (Տեսանյութ)
Հաջորդ տարվանից առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չենք անելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականներով, և 2 կամ 3 տարով ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնալու է ճանապարհաշինարարական ընկերությունը, Երևանի քաղաքապետանարի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«Ֆիքսելո՞ւ ենք, որ փոսը, եթե փորվեց, նույն օրը պետք է լցվի», - հետաքրքվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այո՛, դրանք բոլորը քննարկվում են և պայմանագրում տեղ են ունենալու», - պատասխանեց Գրիգորյանը։
Նա ասաց, թե աշխատանքներին տեմպ է տրվել, բայց այդ տեմպը դեռ գոհացուցիչ չէ։
«Հասկացանք, լավ մյուս տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց կրկին նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, և որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն այդ պայմանագրերից։ Այդ որակի աշխատանքը շատ վատ ենք դիտարկում և, հետևապես, համապատասխան վերաբերմունք ենք ունենալու իրենց նկատմամբ՝ բոլոր հաջորդ փուլերում», - ասաց Տիգրան Ավինյանը։