15/05/2023 13:15
Քննչական կոմիտեի քննիչները աշխատում են գերծանրաբեռնված. նրանց ամսական հավելում վճարելու համար կուղղվի 2.6 մլրդ դրամ
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
«Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ, 2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին՝ 111 վարույթ»,- ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
Ըստ Արսեն Այվազյանի՝ Հայաստանում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 տոկոսը մշտապես քննվել եւ քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Հիմնական զեկուցողն առաջարկել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:
«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից մենք պետք է հարցաքննությունները եւ մի շարք այլ քննչական գործողություններ կատարենք տեսանկարահանման եղանակով: Այսինքն՝ այն հարցաքննությունները, որոնք մենք թղթով, գրիչով կամ համակարգչով էինք անում, այսուհետ, որպես կանոն, լինելու են տեսանկարահանման եղանակով: Դա քայլ առաջ է երկու տարբեր իմաստներով՝ ե՛ւ ժամանակի խնայողության իմաստով, ե՛ւ քննիչի ու դատավարության մասնակիցների: Օրինակ՝ վկան էլ ստիպված չի լինի քննիչի մոտ 4 ժամ հարցաքննվել, նա 1-2 ժամում տեսանկարահանման եղանակով կհարցաքննվի: Քննչական կոմիտեի քննիչների այս ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք դեռ շարունակում ենք թուղթ ու գրիչով աշխատել, բայց հուլիսի 1-ից արդեն կունենանք այդ բարեփոխումը»,- մանրամասնել է Արմեն Այվազյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից էլ ներդրվելու է էլեկտրոնային նախաքննության համակարգը: «Դրա շրջանակում նախկինից հայտնի եւ այսօր էլ դեռ գործող թղթապանակները, հատորներով քրեական գործերն արդեն չեն լինելու, եւ մենք աստիճանաբար անցում ենք կատարում դեպի էլեկտրոնային եղանակով նախաքննության իրականացմանը: Օրերս թվայնացման խորհրդի հետ քննարկում էինք նաեւ հնարավորությունը, որ դատարաններն էլ միանան, դատական քննությունն էլ էլեկտրոնային լինի»,- նշել է Արսեն Այվազյանը:
Նրա խոսքով տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տվյալ դեպքում տեսանկարահանմամբ, կապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ շատ դեպքերում վիճարկվում է ցուցմունքի բովանդակությունը. տեսանկարահանման միջոցով այդ դեպքերը կկանխվեն, ընդհուպ նաեւ կկանխվեն մարդու իրավունքների ոտնահարման, խոշտանգման հնարավոր առերեւույթ դեպքերը: