15/05/2023 16:35
Մեկս մյուսին օգնելով միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները
Նաիրուհի Վարդանյանը մինչև 44-օրյա պատերազմը բնակվում էր Հադրութի շրջանի գյուղ Մարիամաձորում: Դպրոցում աշխատում էր որպես դասվար: Պատերազմի ընթացքում տեղափոխվել էին ՀՀ Մասիսի շրջան:
Պատերազմից հետո աղջկա հարսանիքը պետք է լիներ ու միանշանակ այն պետք է անցկացվեր Արցախում:
«Երբ եկանք հարսանիքը կազմակերպեցինք ու հետ գնացինք, հասկացանք, որ միևնույնն է, մեր տեղը Արցախում է՝ հայրենի հողի վրա: Այժմ մեր ընտանիքը՝ ամուսինս, ես ու 11-ամյա դուստրս ապրում ենք Ստեփանակերտում: Ես աշխատում եմ Հադրութի «Դիզակ» մանկապարտեզում որպես դաստիարակ: Ամուսինս շրջափակման հետևանքով կորցրել էր աշխատանքը, նա լավ շինարար էր, ու երկար ժամանակ մենք շատ դժվարությունների ենք բախվել, բայց արդեն մի 10 օր է՝ նա նոր աշխատանք է գտել:
Երբ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ շրջափակումը, մենք դեռ չէինք կատարել մեզ համար անհարաժեշտ գնումները, որովհետև հիմնականում մեկ շաբաթվա համար էինք ապրանքներ ձեռք բերում:
Ես վստահ էի, որ շրջափակումը կտևի մի քանի օր, դրա համար խանութներում դեռ մնացած ապրանքներից ձեռք չբերեցի:
Մինչ կտրոնների տրամադրելը մենք հիմնականում կարողացանք ապրել ձմեռվա համար իմ փակած պահածոներով: Մեզ համար այդքան էլ դժվար չէր հաղթահարել խնդիրները, քանզի մենք մի աղջիկ երեխա ունենք:
Հետո սկսեցին հերթերը ու հերթերի հետ կապված բարդությունները, հոգեկան անհանգստությունները, որից հետո ես էլ մտածեցի, որ պետք է որոշ ապրանքներ պահեստավորել», - պատմել է տիկին Նաիրուհին:
Նա նշել է, որ կտրոնների տրամադրելուց հետո կարողացել է որոշ ապրանքներ ձեռք բերել, ու դրանից հետո մի փոքր հանգստություն զգաց, բայց հասանելիք միրգ-բանջարեղենը այդպես էլ չկարողացավ գնել:
«Լինում էր՝ հերթ էի կանգնում, բայց մինչ ինձ հասնելը վերջանում էր, լինում էր՝ չէի էլ կարողանում գնալ գնումների, քանի որ աշխատանքի էի: Առանց կտրոն վաճառվող միրգ-բանջարեղենը շատ թանկ էր, որը միշտ չէր ստացվում ձեռք բերել, բայց երեխայի համար մի քանի անգամ գնել եմ: Մեզ համար շատ դժվար էր թոռնիկիս համար տակդիր գտնելը, թոռնիկս ծնվել է նոյեմբերի 23-ին: Բայց փորձել ենք այնպես անել, որ երեխային առանց տակդիրի չթողնենք: Եղել է դեպք, երբ մի կերպ կարողացա ձեռք բերել մեկ տուփ տակդիր: Այդ օրը Ֆեյսբուքյան խմբերից մեկում կարդում եմ, որ մի կին իր երեխայի համար ոչ մի կերպ չի կարողանում գտնել, կապ եմ հաստատում իր հետ և 10 հատ նվիրում:
Բազմիցս եղել են դեպքեր, երբ իմացել եմ, որ որևէ մեկը ինչ-որ բան չունի, իսկ ես դրանից ունեմ, փորձել եմ ձեռք մեկնել: Օրինակ, երբ ինձ գյուղից ձու կամ որևէ բան էին ուղարկում, միշտ փորձել եմ փոքր երեխա ունեցող մայրերի էլ տալ:
Ծանոթներիցս մեկը, ով պատերազմից հետո մեզ օգնեց, երբ վերադարձանք Արցախ, աղջիկ երեխան գիտեի, որ առավոտյան առանց քաղցր թեյի տանից դուրս չի գալիս, շատ է սիրում քաղցր, իսկ իրենք չունեին շաքարավազ, բայց ինձ ոչինչ չէր ասում: Ու երբ ես նրանց տուն տարա շաքարավազ, իրենք զարմացել էին, թե որտեղից իմացա, ու շատ ուրախացան: Իհարկե ինձ էլ էին այդպիսի անակնկալներ անում, ու գիտեք, ապրանքը այդքան արժեքավոր չէր այդ պահին, որքան վերաբերմունքը:
Այդ ընթացքում մենք հասկացանք, որ միմյանց օգնելով ենք կարողանալու հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ձմռան ցրտերը մի կերպ կարողացանք հաղթահարել էլեկտրական տաքացուցիչներով, այդ ժամանակ էլ լույսերի հովհարային անջատումները շատ երկար էին ու ցուրտ էր:
Այն ընթացքում, երբ գազամատակարարումը անջատվում էր, մեր մանկապարտեզն էլ չէր աշխատում, ուղղակի երբեմն դաստիարակներով հավաքվում էինք ու որոշ քննարկումներ անում:
Իմ ընկերուհին, ով ապրում է ԱՄՆ-ում ու հանդիսանում է «Արցախի երեխաներ» կազմակերպության անդամ, շրջափակման ընթացում շատ էր անհանգստանում և ցանկանում էր օգնություն ցուցաբերել:
Ես էլ ծրագիր ներկայացրեցի, և ստացա իրենց հավանությունը: Իրենք ինձ որոշակի գումար ուղարկեցին, որ ես այստեղ կարողանամ ծրագիրը իրականացնել: Այդ գումարը շատ դժվարությամբ կարողացա բանկից ստանալ, քանի որ այդ ժամանակ 50 հազարից ավելի չէին տալիս:
Այդպես ես զոհված, վիրավոր և տեղահանված ընտանիքների 50 երեխայի համար նվերներ գնեցի: Շրջափակման ընթացքում ահավոր բարդ առաջադրանք էր, ու ամեն երեխային 10000 դրամական օգնություն տրամադրեցի, բայց ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել փայլող աչքերով երեխաների. դա ինձ ուժ էր տալիս ապրելու:
Հովանավորները գոհ ու մի թեթև հանգիստ էին, որ կարողացան մի քանի երեխայի օգնել», - եզրափակել է Նաիրուհին: