16/05/2023 11:45
Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված երկու քաղաքացիների ձերբակալության մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կալանավորվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980 թվականին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և մեր երկրի դեմ ահաբեկչական դիվերսիա իրականացնելու մեջ։ Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար Ահմեդովը ներգրավել է 1991 թվականին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց, ովքեր տեսանյութեր են պատրաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչով, դրանք տարածել Youtube-ում։
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», - հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է դավաճանության, ահաբեկչություն նախապատրաստելու, օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով պետության դեմ կոչ անելու, Ամիրովը՝ դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների ցուցումով պետության դեմ կոչ անելու մեջ։