16/05/2023 14:19
Փաշինյանի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների 11,9 տոկոսը
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց հերթական հետազոտության տվյալները:
«Ես այսօրվա մեր պրեզենտացիան անվանել եմ «թուք ու մուր»: Կարծում եմ՝ բոլորին պարզ է, թե անվանումն ինչից է գալիս և բնութագրում մեր ներկայիս իրավիճակը»,- նշեց նա:
Նավասարդյանը նշեց, որ ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում 1100 հեռախոսային հարցումներ են իրականացրել.
«Հարցին, թե ընդհանուր առմամբ քաղաքացիները բավարարվա՞ծ են իրենց կյանքով՝ 19.2 տոկոսը նշել է «ավելի շուտ բավարարված է», «լիովին բավարարված է» պատասխանել է 34.3 տոկոսը, «ավելի շուտ բավարարված չեմ»՝ 29.9 տոկոս, և 17.1 տոկոսը նշել է, որ «ընդհանրապես բավարարված չէ»: Մենք նաև բերել ենք նախկին հետազոտությունների տվյալները և տեսնում ենք, որ նույն պատկերն է, առանձնապես փոփոխություններ չեն եղել, եթե համեմատենք նախորդ 2 տարիների հետ»:
Հաջորդ հարցին, թե ինչպես են գնահատում իրենց ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայումս՝ հարցվածների 5.6 տոկոսը նշել է, որ շատ լավ, 21.1 տոկոսը նշել է լավ, միջին նշել է 59.5 տոկոսը, 7.6 տոկոսը՝ վատ, իսկ 6 տոկոսն էլ նշել է շատ վատ:
Մեր երկրի տնտեսական վիճակը 2.4 տոկոսը գնահատել է շատ լավ, 8.4 տոկոսը այն գնահատել է լավ, 40.3 տոկոս՝ միջին, 21.4 տոկոսը՝ վատ, 26.6 տոկոսը՝ շատ վատ։ 2022 թվականի համեմատ՝ մոտ 1 տոկոսով նվազել է շատ լավ գնահատողների թիվը:
Մյուս հարցը, որը տրվել է քաղաքացիներին՝ մեկ տարի հետո ընտանիքով ավելի լա՞վ կապրեն, թե՞ ավելի վատ. «12.8 տոկոսը կարծում է, որ զգալիորեն ավելի լավ կապրեն, 33.6 տոկոսը՝ որոշ չափով լավ, 23.9 տոկոսը նշել է, որ այնպես, ինչպես այժմ, 11.2 տոկոսը՝ որոշ չափով վատ, 9.7 տոկոսը՝ զգալիորեն ավելի վատ»:
Միանշանակ հավանություն է տալիս ՀՀ վարչապետի աշխատանքին միայն 11.9 տոկոսը, 24.1 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 12.3 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, 38.7 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:
Կառավարության աշխատանքին միանշանակ հավանություն է տալիս 10.8 տոկոսը, 21.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 11.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, 42.9 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:
Ազգային ժողովի աշխատանքին հավանություն է տալիս 5.9 տոկոսը, իսկ 50.9 տոկոսը՝ ընդհանրապես հավանություն չի տալիս:
Նախագահի աշխատանքին 8.9 տոկոսը միանշանակ հավանություն է տալիս, 42.4 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:
Ներկա պահին որո՞նք են պետության առջև ծառացած երեք ամենակարևոր խնդիրները. 46.5 տոկոսը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, սահմանների հստակեցման խնդիրներ՝ 37.3 տոկոս, պատերազմի վտանգ՝ 29.4 տոկոս, տնտեսական վիճակ՝ 26.8 տոկոս, Արցախի խնդիր՝ 14.8 տոկոս, գործազրկություն՝ 12 տոկոս, գերիների վերադարձ՝ 9.9 տոկոս: