16/05/2023 10:11
Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
«Այն, ինչ ասել է Շառլ Միշելը, արտահայտում է օրվա օրակարգն ու տեղի ունեցած բանակցությունները, որի վերաբերյալ հակառակը, համենայնդեպս, չի ասել ՀՀ իշխանությունը:
Արցախի նախագահն իր դիրքորոշումը փաստացի արտահայտել է ԱԳՆ միջոցով, որով նշել է իր անհամաձայնությունը Միշելի հայտարարությունների վերաբերյալ, ընդգծել այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցություններում, սակայն դրանց անդրադարձ չի եղել:
Արցախի նախագահականի տարբեր պաշտոնյաներ, երեկ Արցախի վերածննդի հրապարակում հավաք անցկացրած և իշխանության հայտ ներկայացրած առանցքային անձն այս կամ այն ձևով անդրադարձել են բրյուսելյան այցին, սակայն ոչ մի խոսք չեն արտահայտել փաշինյանական իշխանության հասցեին:
Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը, որպես միջնորդ, զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:
Բացառությամբ Արցախի մի քանի գործիչների՝ Արցախի իշխանությունը որևէ լուրջ արձագանք չի հնչեցրել Փաշինյանի` Արցախի հարցով տարվող խայտառակ կուրսի վերաբերյալ:
Չնայած արցախյան հասարակության տարբեր խմբերից Փաշինյանի հասցեին ուղղվող կոշտ մեկնաբանությանը՝ Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին:
Եզրակացությունը մեկն է` Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանությունների համար, որոնք այս ընթացքում արձանագրվել են»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։