16/05/2023 12:21
Հայաստանի օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. դուրս գալը կքննարկվի ըստ իրավիճակի. ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի կարող կոնկրետ ասել, թե երբ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։
«Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության խորհրդում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փոխնախարարը կարծում է՝ նման քննարկում եղել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։
Թե ինչու, այնուամենայնիվ, դուրս չի եկել Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ արձագանքեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»։
Մնացական Սաֆարյանն ասաց, թե շուտով կլինի հայտարարություն Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։
Հարցին՝ այս պահին կա՞ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Այս պահին չկա այդ հարցը»։
Իսկ կարո՞ղ է կրկին օրակարգ մտնել հարցին ի պատասխան՝ ասաց. «Ըստ իրավիճակի»։
Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Новая газета Европа»-ին տված հարցազրույցում ասել էր, թե քննարկումներ եղել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։
«Այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է», - ասել էր Արմեն Գրիգորյանը։