16/05/2023 22:33
Միշելի հայտարարությունն ընդամենը Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների արձանագրումն էր․ Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, ապա Փաշինյանը պատասխանատվություն է կրելու․ Դավիթ Գալստյան
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունների հիման վրա որևէ փաստաթուղթ ստորագրելու դեպքում Նիկոլ Փաշինյանը ենթարկվելու է պատասխանատվության:
«Շառլ Միշելի հայտարարությունն ընդամենը Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների արձանագրումն էր, որը ներկայացվեց հանրությանը: Մենք այստեղ գնահատում ենք, որ այդ հայտարարության հիմքում Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն է ընկած, որը հակասում է ՀՀ Գերագույն խորհրդի որոշմանը: Հետագայում Փաշինյանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ լեգիտիմություն չի ունենա: Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, ապա Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությամբ և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է ստորագրել, դրանից հետո տարբեր փաստաթղթեր է ստորագրել՝ սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածն Ադրբեջանին զիջելուց, Արցախի երեք գյուղերը դատարկելուց, և դրանից հետո որևէ պատասխանատվության չի ենթարկվել, Դավիթ Գալստյանն արձագանքել է. «Այդ ամենի համար նա պատասխանատվություն կրելու է: Ճիշտ եք նշում, որ ժամանակ է անցել, դեռ պատասխանատվություն չի կրել, բայց դա չի նշանակում, որ չի էլ կրելու»:
Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախում իրավիճակը մտահոգիչ է. «Շրջափակման մեջ ենք ու հիասթափված և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանություններից: Արցախի իշխանություններն այսօր Հայաստանի իշխանությունների ածանցյալն են: Արցախի իշխանությունները պետք է հայտարարությամբ հանդես գան և արգելեն Նիկոլ Փաշինյանին, Արցախի ինքնորոշման իրավունքից բացի՝ որևէ այլ հարց քննարկել Արցախի վերաբերյալ: Քանի որ նրանք դա չեն անում, նրանք այսօր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը համաձայնություն են տալիս»: