16/05/2023 16:01
Դուք եք մեր իրականությունը փոխակերպողները․ Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, շնորհավորում եմ ձեր տեղն ու դերը մեր հասարակության կյանքում ևս մեկ անգամ շեշտելու և արժևորելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: 104 տարի առաջ հիմք դրվեց բարձրագույն կրթությամբ քաղաքացիական գիտակցության ձևավորման գործընթացին, որի անմիջական կրողներն ուսանողներն ու երիտասարդներն էին:
Դուք եք մեր իրականությունը փոխակերպողները, նորարարությունների ու նոր գաղափարների առաջամարտիկները, ձեր համայնքը զարգացնողն ու հանրությանն առաջ մղողը: Եվ հաշվի առնելով ձեր անխախտ դերը պետության կայացման և առաջընթացի գործում՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր ու նախագծեր՝ ուղղված երիտասարդական քաղաքականությանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, ուսանողների՝ կրթության իրավունքի պատշաճ իրացմանը, կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը:
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, մաղթում եմ աշխատելու, ստեղծարար լինելու ձգտում, անսպառ լավատեսություն և նախաձեռնողականություն՝ ձեր երազանքներն իրագործելու ճանապարհին: Դուք կարող ուժ եք. օգտագործե՛ք ձեր հնարավորությունները օր առաջ աշխարհն ու մեր երկիրն ավելի լավը դարձնելու կարևոր գործը՝ սկսելով ձեր բնակավայրից ու կրթական կառույցից:
Բարին ընդ ձեզ», - նշված է ուղերձում: