16/05/2023 20:45
Մեզ ոչինչ չի խանգարում զենք տեղակայել այնտեղ, որտեղ ցանկանում ենք․ Մեդվեդև
Ռուսաստանը, հրաժարվելով Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից (ԵՍԶՈՒ), կարող է իր ազգային շահերը պաշտպանելու համար անխոչընդոտ զենք տեղակայել և այդպես էլ կվարվի, Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Պետդուման չեղյալ է հայտարարել ԵՍԶՈՒ-ն, այդ փաստաթուղթը մեզ համար կորցրել է արդիականությունը դեռ 2007-ին, և հիմա, նաև ավելի վաղ կասեցված միջազգային պարտավորությունների պարագայում, մեզ ոչինչ չի խանգարում զենք տեղակայել այնտեղ, որտեղ ցանկանում ենք՝ մեր ազգային շահերը պաշտպանելու նպատակով, ներառյալ՝ Եվրոպայի ռուսական հատվածում»,- գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Ռուսաստանն առավելագույնս կընդլայնի զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի, սպառազինության արտադրությունը։
Նշենք, որ Ռուսաստանն իր մասնակցությունը ԵՍԶՈՒ-ի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին դադարեցրել է 2015 թվականից՝ այդպիսով ավարտին հասցնելով պայմանագրին իր անդամակցության կասեցման գործընթացը, սակայն զուտ իրավաբանորեն շարունակում էր դրա մաս կազմել։ Այդ ժամանակից ի վեր ԵՍԶՈՒ-ի Համատեղ խորհրդատվական խմբում ՌԴ շահերը ներկայացնում էր Բելառուսը։