16/05/2023 12:45
Ջերմուկ քաղաքն ապրում է, բիզնեսը՝ աշխատում. ինչ քայլեր են արվում զբոսաշրջային իմիջը վերականգնելու համար
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի զբոսաշրջային ոլորտը կրկին զարգանում է: «2022 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ հյուրանոցները փակ էին և չէին գործում, հոկտեմբերի 5-ին հայտարարվեց, որ հյուրանոցային տնտեսությունները վերսկսում են իրենց աշխատանքները: Մի քիչ դժվար էր զրոյից բիզնես սկսելը, քանի որ կորցրել էինք բավականին շատ ամրագրումներ, հյուրերի մոտ Ջերմուկ գալու մասով մտահոգություններ կային», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը:
Քանի որ Ջերմուկը գոյատևում և ապրում է հյուրանոցային բիզնեսի շնորհիվ, հոկտեմբերին հայտարարվել է աշխատանքների վերաբացման մասին: Այդ ընթացքում, Միրզոյանի խոսքով, բավականին մեծ արձագանքներ են ստանում զբոսաշրջիկների կողմից.
«Մոտ 2 ամիս պահանջվեց, որպեսզի վերականգնենք մեր զբոսաշրջային իմիջը: Մինչև այսօր էլ մենք մարքեթինգային շատ լուրջ, խոշոր արշավներ ենք իրականացնում՝ Ջերմուկի գրավչությունը ներկայացնելու համար, որպեսզի մարդիկ գան և իրենց աչքով տեսնեն, որ ամեն ինչ նորմալ է: Մենք աշխատում ենք, մենք տեղում ենք, մենք ապրում ենք: Երբ հայտարարվեց աշխատանքների վերսկսման մասին, միանգամից վաճառքի հանվեցին ամանորյա փաթեթները: Այս տարի ևս Ջերմուկի հյուրանոցները եղել են լեփ-լեցուն, սակայն բոլոր հյուրանոցներն այդ օրերին աշխատել են առօրյա ռեժիմով, այսինքն՝ ոչ մի խնջույք չի եղել»:
Միրզոյանը նաև նշեց, որ սեպտեմբերից հետո հյուրանոցային տնտեսությունները գնացել են գնային փոփոխությունների. «Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին շատ մեծ զեղչեր են տվել հյուրանոցային տնտեսությունները ու դեռ առ այսօր կան հյուրանոցներ, որոնք հյուրերին զեղչային տարբերակներ են առաջարկում»:
Ինչ վերաբերում է այս տարվա զբոսաշրջային հոսքին, Միրզոյանն ուրախությամբ նշեց, որ հունվարից սկսած՝ հյուրանոցային տնտեսություններն ունեցել են մեծ թվով զբոսաշրջիկներ. «Արդեն սկսվում է մեր ամենալավ սեզոններից մեկը՝ ամառը: Հիմնական շարժն այս ընթացքում է լինում: Հուսանք, որ այս տարի ևս Ջերմուկը զբոսաշրջիկների պակաս չի ունենալու: Հյուրանոցներն էլ այդ ուղղությամբ աշխատում են, որպեսզի մարդկանց գրավեն: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը մարքեթինգային 2 արշավ է իրականացնում հիմա»։
Նրա խոսքով, «Բացահայտիր Ջերմուկը» մարքեթինգային արշավի շրջանակներում ներկայացվում են քաղաքի ենթակառուցվածքները, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները, իսկ մյուս արշավը, որը կրում է «Արի Ջերմուկ» անունը, ներկայացնում է քաղաքի զբոսաշրջային վայրերն ու գրավչությունները։
«Մարքեթինգային ակտիվ արշավ է իրականացվում թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում ու նաև արդեն արաբական երկրներում: Քաղաքն ապրում է, բիզնեսը՝ աշխատում», - ասաց Միրզոյանը։
Նա նշեց նաև, որ նոր կենտրոններ չեն բացվել, այս պահին երկու խոշոր առողջարան գտնվում է վերկանգնման, վերակառուցման փուլում: Ընդհանուր, այս պահին Ջերմուկում 16 հյուրարոնոց-առողջարան-հյուրատուն է աշխատում: