16/05/2023 16:33
Երևանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա):
Մասնավորապես՝
արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,
սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել,
չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,
չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան,
սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ,
արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: