16/05/2023 09:59
«Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել իրավապահներին Մաթևոս Ասատրյանի եղբայրը Ապարանի կրակոցների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ապարանի կրակոցների գործով նախաքննության ավարտ է հայտարարել և գործը ուղարկել է դատարան: Գրել էինք, որ գործով հարցաքննվել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝ Մնացական Ասատրյանը, որը առավել հայտնի է Գռզո մականունով:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր ցուցմունքը, թե նա ինչ է պատմել իրավապահներին ողբերգական կրակոցների գործով:
Մասնավորապես, նա իր ցուցմունքում հայտնել է, որ կրակոցների օրը՝ 2022 թվականի հունիսի 19-ի առավոտվանից, տանն է եղել, զբաղվել է տան գործերով: Կեսօրին (հստակ ժամը չի հիշում) իր տուն եկան Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և Ապարանի գնդի հրամանատար, իր իմանալով՝ ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Նրանք Ռազմիկ Պետրոսյանի ՊՆ համարանիշներով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով էին եկել: Նստած տանը դեսից դենից՝ կենցաղային թեմաներով են զրուցել, հաց կերել։ Էդգարը իր ընտանիքի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ է, Ռազմիկը՝ նույնպես։ Հստակ ժամը չի հիշում, իրեն զանգահարեց… Իսկ թե ով է զանգահարել պատգամավորի եղբորը, ուր է գնացել նա և ինչի է ականատես եղել, ներկայացնում ենք բացառիկ փաստաթղթերով (տե՛ս լուսանկարը):
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հունիսի 19-ին, հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում, և Սամվել Սանդրոյանը:
Դեպքից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև:
Ըստ այդ լուրերի՝ վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա: Գործով կալանավորված է մեկ անձ՝ Արմեն Հովհաննիսյանը»։