16/05/2023 10:01
«Փաստ». Արցախն ականատես եղավ, թե ինչ թանկ է վաճառվում Արայիկ Հարությունյանին պատկանող «Ռեյփսիդի» արտադրանքը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Արցախի հիմնադրամներին միլիարդավոր դրամների պարտք ունեցող ընկերություններ կան, նորություն չէ: Եվ այդ կազմակերպությունների շարքում ուշագրավ ընկերություններ կան։ Մեր ունեցած տեղեկություններով, խոշոր պարտքատերերից է Արցախում ձեթի արտադրությամբ զբաղվող «Ռեյփսիդ» ընկերությունը։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2010 թ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որը չէր էլ թաքցնում, որ հաջողակ բիզնեսմեն էր։
Սակայն տարիների ընթացքում ընկերությունը «ստիպված» վարկեր է վերցրել պետությունից, որոնք «չի կարողացել» վճարել և այս պահին, մեր տեղեկություններով, պետությանը պարտք է ավելի քան 20 մլն դոլար, որը տրամադրվել է Արցախի բյուջեի միջոցներից, դա էլ, իր հերթին, Հայաստանի բյուջեից։ Ժամանակի հետ գործարար Արայիկ Հարությունյանը ընկերության բաժնեմասերը նվիրում է Արցախի կառավարությանը՝ պարտքերն էլ հետը։
Թվում էր, թե սրանով ընկերության ոդիսականը կավարտվի, սակայն շրջափակումից հետո ամբողջ Արցախը ականատես եղավ՝ ինչպես է թանկ գներով վաճառվում «Ռեյփսիդի» արտադրանքը: Արցախում նշում են, որ գերշահույթները պարզ չէ, թե ուր են գնացել, բայց ոչ վարկերի մարմանը»։