16/05/2023 17:48
Աշխարհի Պարա աթլետիկայի Գրան Պրի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները գերազանց են հանդես եկել
Իտալիայի Ջեսոլո քաղաքում մայիսի 12-ից 14-ը անցկացվել է Աշխարհի Պարա աթլետիկայի 2023թ․ Գրան Պրի առաջնությունը։
Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեից, 57 մասնակից երկրների թվում էր նաև Հայաստանը՝ իր 3 մարզիկներով և հավաքական թիմի գլխավոր մարզիչով։ Պատվիրակության ղեկավարն էր ՀԱՊԿ փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը:
«Պարա աթլետներ Սմբատ Կարապետյանը և Արման Սարգսյանը մասնակցեցին 100մ, 400մ և 800մ վազքատարածությունների մրցմանը։ Մրցումները նշված վազքատարածություններում իրականացվեցին ինչպես դասակարգմամբ, այնպես էլ սերիաներով և խառը դասակարգման խմբերով։
Վերջնական արդյունքները այսպիսին են․
Սմբատ Կարապետյանը T54 դասակարգման խմբում 100մ և 400մ վազքատարածություններում գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ 800մ-ում՝ 3-րդ հորիզոնականը։ Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում նա կրկին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ 800մ-ում 5-րդ հորիզոնականը։ 800մ խառը խմբայինում 21 մարզիկների հաշվարկում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։
Արման Սարգսյանը T53 դասակարգման խմբում 800մ վազքատարածությունում գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ 100մ և 400մ վազքատարածություններում գրավեց 4-րդ հորիզոնականը։ Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում նա զբաղեցրեց 4-րդ և 5-րդ հորիզոնականները, իսկ 800մ-ում 7-րդ հորիզոնականը։ 800մ խառը խմբայինում 21 մարզիկների հաշվարկում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։
Երկու մարզիկներն էլ գերազանց հանդես եկան և Հայաստանի պարա աթլետիկայի պատմության մեջ նախադեպը չունեցած արդյունքներ գրանցեցին։
Մեր երրորդ մարզիկ Սարգիս Մխիթարյանի դեբյուտն էր միջազգային արենայում։ Նա առաջնությունից առաջ անցավ մարզական դասակարգում և ստացավ գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում F57 դասիչը։
Սարգիսը գերազանց ելույթ ունեցավ բոլոր 6 մոտեցումներում և 16 մրցակիցների շարքում 9.59մ արդյունքով գրավեց 7-րդ հորիզոնականը։ Վնասվածքի պատճառով հնարավորություն չունեցավ ցուցադրել առավելագույն արդյունք, ինչպես նաև մասնակցել սկավառակի նետման մրցմանը։
Մարզիկների գրանցած հաջողությունները մարզչական լավ աշխատանքի արդյունք են։ Հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանի, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի, մարզիկների անձնական մարզիչներ Արման Փիրոյանի և Արա Գալստյանի համատեղ և նվիրված աշխատանքի շնորհիվ կարողացանք ունենալ այս աննախադեպ արդյունքներ։
Թիմը իր առջև դրված առաջադրանքը ամբողջությամբ կատարեց։ Շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը մոտ ապագայում ի վիճակի կլինի հաղթահարել նաև միջազգային բարձրագույն առաջնությունների համար սահմանած նորմատիվները»,- նշված է Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեի հաղորդագրությունում: