16/05/2023 15:13
Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին
Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։
Aysor.am-ին ՊԵԿ-ից տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ով է այդ 78 տոննա բանանի պատվիրատուն. «Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»:
Նշենք, որ թմրանյութի թեման Հայաստանում վերջերս շատ է քննարկվում:
ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ վերջերս հայտարարել էր, որ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:
ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ վստահ է, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։