16/05/2023 18:35
«Մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը»․ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչներ Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել հանրությունից։
«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր:
Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»,- սոցցանցի իր էջում գրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։