17/05/2023 18:55
«Աշոտ Փաշինյանը ներողություն է խնդրել իր ծնողների արածի համար, անգամ ասել է, որ նրանք թուրք են»․ Զոհված զինվորների ծնողներ
Զոհված զինծառայողների ծնողները համոզված են՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործողությունը նախապես ծրագրված է եղել, սակայն ոչ իրենց կողմից, այլ՝ հակառակ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ հավաքված ծնողներն ընդգծում են՝ նախապես ամեն ինչ պլանավորվել է իշխանական քարոզչամեքենայի կողմից։
«Պատահականություն չէր։ Միտում ենք տեսնում։ Իրենք լավ էլ գիտեին, որ մենք այնտեղ ենք, և Փաշինյանի տղան եթե հայտնվի այնտեղ, պարզ է, որ պետք է մոտենանք, խոսենք։ Սա միտումնավոր արարք էր», - գործողության կազմակերպված լինելու մասին են խոսում ծնողները։
Նրանցից մեկն էլ նշեց՝ Աշոտ Փաշինյանը զրույցի ժամանակ իրենցից նաև ներողություն է խնդրել սեփական ծնողների արածի համար։
«Ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արածի համար, ասել է՝ ես չեմ կարող ոչինչ իրենց փոխարեն ասել, անհարմար եմ զգում այս ամեն ինչի համար։ Այդքան բանն ասել է։ Անգամ ասել է, որ իր ծնողները թուրք են», - ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։
Զոհված զինվորների ծնողները, սակայն, չեն բացառում, որ Աշոտ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, անկեղծ հայտարարություններ չէ, որ հնչեցրել է։
«Կեղծավորություն է արել, հետո գնացել, գործ է տվել», - ասացին նրանք՝ մեջբերելով նաև Աշոտ Փաշինյանի այլ արտահայտություններ․
«Իբր ինքը տնից դուրս է եկել, ծնողների հետ չի ապրում։ Ինքը նշել է, որ նրանց հետ կապ չունի, բայց լավ էլ կապ ունի, սա հենց միտումնավոր արարք էր՝ զոհվածների ծնողներին տանելու համար, որովհետև այսօր մեր թիկունքում՝ Սոթքում, էլի կրակում են, էլի վիրավոր ունենք, Արցախի հանձնումը ստորագրելու ճանապարհին է, և պետք է մի բան աներ, որ հանրությանը շեղեր այլ կողմ ու ինքը հանգիստ իր գործը կատարեր»։