17/05/2023 19:15
Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 քաղաքացի. Կադրեր՝ ինչպես են բերման ենթարկում զոհվածների ծնողներին
Աշոտ Փաշինյանի գործով զոհված զինծառայողների ծնողներից 4-ն են ձերբակալված, երեք տղամարդ, մի կին, լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Չորս ձերբակալված կա՝ Գայանե Հակոբյանը, Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը։ Երեք տղամարդ, մի կին ձերբակալված են, ոչ մեկը, բնականաբար, մեղքը չի ընդունում։ Այս պահին իրականացվում են ստանդարտ փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցեր, ստանդարտ քրեադատավարական ընթացակարգեր, մասնավորապես՝ անձնական խուզարկություն»,- ասաց Մելիքյանը։
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանին, փաստաբաններին ու խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին արդեն թույլ են տվել մուտք գործել ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Հնարավորոթյուն տրվեց ծնողների հետ առանձին զրուցելու։ Հիմնական փաստաբանը, որն զբաղվելու է գործով, Վահան Հովհաննիսյանն է։ Նա վերևում մնաց։ Ամենայն հավանականությամբ, վարույթը կիրականացնի Երևանի քննչական վարչությունը»,- մանրամասնեց Ռուբեն Մելիքյանը։
Նա հստակեցրեց՝ կոնկրետ մեղադրանք զոհված զինվորների ծնողներին չի ներկայացվել, դրա իրավասությունը քննչական մարմնիինն է։
«Բայց հարուցված վարույթում խոսվում է առևանգման մասին, այնինչ առևանգման հանգամանքը կտրականապես հերքվում է»,- նշեց իրավապաշտպանը՝ հիշեցնելով՝ Աշոտ Փաշինյանն ինքնակամ է նստել ավտոմեքենա, որում եղել է միայն Գայանե Հակոբյանը։
«Դժվար է պատկերացնել՝ Աշոտ Փաշինյանն ինչու է իրեն դուրս նետել»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։