17/05/2023 19:39
«Եթե Աշոտը «կռված տղա է», Հադրութում «կռվել» է, չեմ կարծում, որ մի կնոջից վախենար»․ Զոհված զինծառայողների ծնողները համոզված են՝ «առևանգումը» սադրանք էր իրենց նկատմամբ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների» կանչ ՀԿ անդամները համոզված են՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործողությունը սադրանք էր, որը կազմակերպվել է ոչ իրենց կողմից, սակայն՝ իրենց թիրախավորելու համար։
«Շատ զարմանալի էր, որ այդ ժամին Աշոտ Փաշինյանը հայտնվեց այդ տարածքում, մենք խիստ կասկածներ ունենք, որ դա սարքած էր։ Իրավունք ունենք կասկածելու, իրավունք ունենք ենթադրելու, որ դա սադրանք էր», - լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողներից մեկի մայրը։
«Աշոտն այնտեղ էր, մոտեցել ենք իրեն, ասել ենք՝ ուզում ենք խոսել քեզ հետ, նույնիսկ խոսակցությունն այնպես է եղել, որ ոչ ոք չի մոտենում, մեկ հոգի է խոսում Աշոտի հետ։ Նա քայլելով եկավ, նստեց մեքենան։ Նույնիսկ, երբ ես ուզում էի նրանց հետ գնալ, այդ ծնողը մեկը թույլ չտվեց՝ ասելով՝ պետք չէ, ես ուզում եմ խոսել այս տղայի հետ»,- մանրամասնեց նա։
Զոհված զինծառայողի ծնողը հորդորեց նաև «Որդիների» կանչ ՀԿ-ի հայտնած դիրքորոշումը չկապել այսօր տեղի ունեցածի հետ։
«Մենք հայտարարել ենք, որ քանի որ իրավական դաշտի նկատմամբ վստահություն չունենք, դրա համար քաղաքական պայքարի ենք դուրս գալիս, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն ենք ուզում։ Դա նշանակում է, որ քաղաքական կոչ ենք անում, բայց դա չի նշանակում, որ այսօրվա միջադեպն այդ հայտարարության հետ ինչ-որ առնչություն ունի, որովհետև մենք Աշոտ Փաշինյանին տեսել ենք, ցանկացել ենք խոսել։ Մենք դրա իրավունքն ունենք։ Ընդամենը հարց ենք տվել։ Եթե ինքը «կռված տղա է», Հադրութում «կռվել» է, չեմ կարծում, որ մի կնոջից վախենար»,- նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը։
Զոհվածների ծնողների պահանջը մեկն է՝ արդարություն, և նրանց որպես «ահաբեկիչ» ներկայացնելու կարիք չկա, ընդգծեց նա։