17/05/2023 16:07
Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական մարմնին»
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկ տեղի է ունեցել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը։ Հանդիպմանը, սակայն․ Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել, հայտնում է «Ազատությունը ռադիոկայանը»։
Փոխարենը, ըստ մամուլի ծառայության, առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական կոլեգիալ մարմնին», որի նպատակը և գործառույթները, ինչպես պնդում են՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար պարզ չեն եղել։ Արցախի նախագահականից դեռ այս հանդիպման մասին տեղեկություն չեն տրամադրել։
Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միասական հայրենիք» կուսակացության ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանրահավաք էր կազմակերպել՝ իրեն Արցախի պետնախարար նշանակելու պահանջով։
44-օրյա պատերազմից հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարված Բաբայանը հանրահավաքում պնդել էր, թե իշխանության կռիվ չի անում, արցախցիներին զգուշացրել էր, որ կարող են փախստական դառնալ՝ եթե շարունակեն դիտորդի դերում մնալ. «Գլխավոր խնդիրը նա է, որ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որտեղ և ընդգրկված ա Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում ա այդ Ադբրեջանը։ Դա իրա իրավունքն ա»։
Բաբայանին պետնախախարար նշանակելու պահանջին ի պատասխան, նախագահ Արայիկ Հարությանը նույն օրը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե պատրաստ է քննարակումներ սկսել, բայց, փաստորեն, ինչպես Բաբայանի մամուլի ծառայությունն է փոխանցնում, առայժմ պետնախարարի պաշտոնի փոխարեն Արայիկ Հարությունյանը Բաբայանին կոլեգիալ մարմին է հրավիրում։
Ի՞նչ է անելու Սամվել Բաբայանն ու իր ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ Բաբայանն առայժմ տասնօրյա դադար է վերցրել և բողոքի ակցիաների չի անցկացնի։ Փոխարենը ընդունել է նախագահի՝ քաղաքական կոնսուլտացիաների առաջարակը։
Պատճառը, ըստ Բաբայանի մամուլի ծառայության, հասարակական և քաղաքական ցնցումներից խուսափելն է եղել, քանի որ, ինչպես պնդեցին, մայիսի 15-ին Ստեփանկերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակի անմիջական հարևանությամբ իշխանությունը կենտրոնացրել էր ոստիկանական ուժեր, հրշեջ-ջրցան մեքենաներ, ինչպես նաև հատուկ ջոկատայիններ։
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կոնսուլտացիները շարունակվելու են բացառապես Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջի օրակարգով։