17/05/2023 20:38
Քանի այս դավաճան իշխանությունները կան, թշնամին կանգ չի առնելու․ Մարդիկ պետք է թմբիրից դուրս գան․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սոթքում թշնամու հերթական ակտիվացմանն ու ագրեսիային։
«Բազմիցս նշել ենք, որ այս իրավիճակը շարունակվելու է։ Թշնամին կանգ չի առնելու։ Քանի այս իշխանությունները կան, այս ամենը շարունակվելու է։ Թշնամին ոչ միայն կանգ չի առնելու, այլև իր ձեռքբերածը, իր հաջողությունը փորձելու է զարգացնել։ Քանի այս դավաճան իշխանությունները կան, այս իրավիճակն անընդհատ պահպանվելու է։ Ու՞մ համար է դա գաղտնի։ Ով չի պատկերացնում, չի հասկանում, թող պատկերացնի ու հասկանա, որ երկրի վիճակը շատ վատ է, շատ ծանր է»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև՝ Սոթքում ու Կութում էլ են այդ մասին ահազանգել, երբ այցով օրերս այնտեղ էին։
«Ասել ենք՝ այս իրավիճակն է, և լավ բան սպասել, ակնկալել հնարավոր չէ։ Մարդիկ պետք է թմբիրից դուրս գան, հասկանան, որ երկիրը շատ ծանր վիճակում է, և այս իշխանություններն ի վիճակի չեն կանգնեցնել թշնամուն։ Նրանց ամբողջ գործունեությունը միտված է հասարակությանը թմբիրի մեջ պահելուն, իրական վիճակը չներկայացնելուն, չասելուն, որ այս իրավիճակն է, լավ բան ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։