17/05/2023 18:27
Ջազը նույն սևերի մուղամն ա, նրանք տենց են իրանց կայֆավատն անում. Կամո Սեյրանյան (Hayastan.news)
Սուպեր Սաքոյի՝ «Առաջին ալիքի» եթերում մուղամը հայկական լինելու և Կոմիտասի մասին հայտնած մտքերի վերաբերյալ այսօր Hayastan.news-ը մեկնաբանություն խնդրեց դուդուկահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Կամո Սեյրանյանից: Նա, սակայն, ասաց, թե չի լսել Սուպեր Սաքոյի հարցազրույցը, ուստի չի կարող մեկնաբանել։
«Ինքը կարող ա շատ բան ասած լինի, ես իմ ականջներով, որ լսած լինեմ՝ կպատասխանեմ», - ասաց Կամո Սեյրանյանը, բայց հետո որոշեց մեկնաբանել, թե ինչ է, իր կարծիքով, մուղամը։ «Ես չեմ լսել՝ Սաքոն ինչ ա ասել, բայց ես, լինելով դուդուկահար, տիրապետելով արևելյան երաժշտությանը, ասեմ, որ մուղամը պարսկական ծագում ունի, մուղամի անուններն են՝ չարգիա, շուռ, սերգիա, բայաթի շիրազ, ռազ, բայաթի իսպահան։ Էդ անուններն ասում ա արդեն, որ ինքը պարսկական ա։ Բայց ինչ մնում ա՝ մուղամը հայկակա՞ն ա, թե հայկական չի՞, ես արդեն նշեցի, որ մուղամը պարսկական ծագում ունի։ Բայց բոլոր ժամանակներում Անդրկովկասում մուղամի մեծ վարպետները եղել են հայերը, դա եղել ա Սողոմոն Սեյրանյանը՝ թառահար, դա եղել ա Չարչօղլյան Կարոն՝ գյումրեցի դուդուկահար, կլարնետիստ, ու լիքը անուններ կարող եմ տալ»,-ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը։
Նա նաև նշեց, որ մուղամը շատ բարդ արվեստ է՝ համեմատելով ջազի հետ․ «Մուղամը՝ ոնց որ հիմա մենք պաշտում ենք ջազը՝ սևերի, ջազը ի՞նչ ա, ջազը լադային նոտաների դասավորվածություն ա, որը նոտայից նոտա մարդիկ իմպրովիազացիա են անում, և ստացվում ա ջազը։ Ջազը նույն սևերի մուղամն ա, նրանք տենց են իրանց կայֆավատն անում՝ իմպրովիզացիան, արևելքի ժողովուրդը՝ սենց։ Հասկացա՞ք տարբերությունը։ Ես փայլուն տիրապետում եմ մուղամներին, ես ինձ համարում եմ մուղամն ահագին ուսումնասիրած մարդ։ Մուղամը պարսկական ծագում ունի։ Հիմա Սաքոն կլինի, թե ով կլինի, Սաքոյի ցավը տանեմ, Սաքոն իմ ընկերն ա, ես հարց եմ տալիս՝ շուռ, չարգիա, սերգիա, բայաթի շիրազ, բայաթի իսպահան, դրանց մեջ հայկական անուն կա՞․ բոլորը պարսկական են։ Բայց մի հատ մեծ ցավ գոյություն ունի, որ էդ պարսկական չքնաղ արվեստը, որ մեր մոտ էլ ա ընդունված եղել՝ մեր վարպետների, էսօր ազերիները սեփականաշնորհել են ու դարձրել են իրենցը»։
Հիշեցմանը, թե Սուպեր Սաքոն նաև Կոմիտասի մասին է խոսել՝ նրա արժեքը, նրա թողած ավանդը նսեմացնելով, Կամո Սեյրանյանին սկզբից դուր չեկավ դիտարկումը, ապա վրդովված արձագանքեց․ «Ով Կոմիտասին կկպնի, իմ հետ հարց ունի, էդքան բան։ Կոմիտասը մեր երաժշտության Աստվածն ա, Կոմիտասը մեր երաժշտության Մեսրոպ Մաշտոցն ա, ո՞վ կարա Կոմիտասին կպնի։ Կոմիտասն ա մաքրամաքրել հայկական էս գեղեցիկ, չքնաղ շարականները, մեր հոգևորական, ժողովրդական երգերը, մեր դլեյամանները»։