17/05/2023 13:52
Հերոսածին ծնողները չեն կարող հանդուրժել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Զոհվածի հայր
Զգացողություններս շատ տհաճ են, News.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը, որով Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ասել է զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը:
«Այդ իշխանությունից դա բոլորովին հեռու չէ։ Նրանք այդ նպատակներն ու մտորումներն ունեն: Ծրագիր է տարվում, որպեսզի հասարակությունը, ժողովուրդը համակերպվի, անճարությունից ելնելով ոչ մի բան չանի, և իրենք իրենց ծրագիրը կատարեն:
Հայտարարությունը շատ քիչ է, հայտարությամբ չի, որ մեր երկիրը զարգանա ու իր ապագան որոշի: Հույսս չեմ կտրել, որ մեր հասարակությունն ի վերջո կզարթնի, հայրենիքի ապագայով մտահոգված ուժերը կհամախմբվեն մի գաղափարի շուրջ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և կանցնեն գործողությունների: Այնքան է խոսվել, ասվել դրա մասին, ոչ մի փակ բան չի մնացել այն մասով, թե ինչ քաղաքականություն է վարում ներկայիս իշխանությունը, որտեղ հայկական շահը սպասարկող բան չկա: Ինչ արվում է հիմա, արվում է ի շահ թշնամի պետությունների: Պետք է այս գահավիժումը կասեցվի: Բավականին երկար ժամանակ է՝ մեր երկիրը ինքնաոչնչացման ռեժիմի տակ է: Գործադիր և դատական իշխանությունը գտնվում է մեկ մարդու ձեռքի տակ, և Ն. Փ․ կոչվածն անում է այնպես, ինչպես ուզում է: Իսկ թե իրեն ով է թելադրում՝ կարող ենք միայն ենթադրել: Մենք՝ հերոսածին ծնողներս, չենք կարող հանդուրժել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում», - նշել է զոհվածի հայրը: