17/05/2023 23:00
Ռուսաստանը հուսալիորեն երաշխավորում է Աբխազիայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը․ Դեսպան
Ռուսաստանը հուսալիորեն երաշխավորում է Աբխազիայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, Աբխազիայի ԱԳՆ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Շուրգալինը։
«Այսօր Ռուսաստանը հուսալիորեն երաշխավորում է հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, աջակցում է Աբխազիային սոցիալ-տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ Աբխազիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը երկկողմ համագործակցության կարևորագույն բաղադրիչն է։ Դիվանագետն իր ելույթում ընդգծել է նաև․ «Աբխազիան սկզբունքային դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առնչությամբ՝ ճանաչելով Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, այնուհետև Զապորոժիեի և Խերսոնի հետ միասին՝ նրանց ներառումը Ռուսաստանի Դաշնության կազմ»։