17/05/2023 17:23
Իրավական խնդիր է առաջանալու, հարցը կարող է մտնել ՍԴ. Պատմաբանը՝ Ադրբեջանի 86,6 հազար քառ կմ ճանաչելու Փաշինյանի հայտարարության մասին
Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:
«Պատմական առումով այն, որ Արցախը Հայաստան է, ոչ ոք չի վիճարկում, կասկածի տակ դնում: Այստեղ մի խնդիր կա: Քանիցս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը կհամաձայնի միայն այն որոշմանը Արցախի հետ կապված, որին հավանություն կտա արցախահայությունը: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության նախաբանում, որտեղ հղում է տրվում նախորդ փաստաթղթերին, նշվում է, որ Հայաստանը պայքարում է Արցախի ինքնորոշման իրավունքի համար: Հիմա այստեղ փաստորեն իրավական առումով խնդիր կա, որը պետք է իրավաբանները փորձեն բացատրել: Ինքնին հասկանալի է, որ ոչ ոքիս համար ընդունելի չէ 86,6 հազար քռ կմ-ի մեջ ընկալվի նաև ԼՂ ինքնավար մարզի նախկին տարածքը և ներկայիս ԼՂՀ-ի տարածքը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ այս առումով խնդիրը կարող է մտնել նաև Սահմանադրական դատարան, քանի որ օրենսդրության հետ կապված խնդիրներ կծագեն:
Անդրադառնալով անկլավների հարցին, պատմաբանը նշեց, որ Ադրբեջանը, բնականաբար, առավելագույն պահանջներ է դնելու.
«Չեմ կասկածում, որ այդ բանակցային գործընթացքում անկլավների հարցը ևս դրված է եղել: Բայց այնպիսի տպավորություն է, որ այդ անկլավները վերաբերում են միայն ՀՀ-ի տարածքում եղած «ադրբեջանական» անկլավներին: Մոռացության է տրվում Արծվաշենը, որը 1992 թվականի օգոստոսի 8-ին բռնազավթվեց ադրբեջանցիների կողմից և իր տարածքով չի զիջում այդ 7-8 գյուղերի տարածքներին, որոնք փոքրիկ գյուղակներ են եղել, ադրբեջանական յալյաներ, իսկ Արծվաշենը լիարժեք գյուղ է եղել: Քանիցս ասել եմ, Ռուբեն Գալչյանի հաշվարկով այնտեղ 0,2 ք կմ տարածքի տարբերություն գոյություն ունի 8 գյուղերի ու Արծվաշենի միջև:
Կարծում եմ, որ երկուստեք անհնարինության պարագայում, որքանով որ մեզ համար ցավալի լինի Արծվաշենի պարագան, պիտի կողմերը գտնեն ելք տարածքների հավասար փոխանակություն կատարելու առումով: Այնպես որ անկլավների օրակարգ բերելը մեզ համար կրկնակի ծանր բեռ է և անթույլատրելի:
Իրականում այդ խնդիրը լուծված է դեռ 1992 թվականին, երբ նրանք Արծվաշենին տեր դարձան, էլ չեմ ասում, որ Բերքաբեր գյուղի հատվածում տարածքներ կան, որոնք ադրբեջանցիները բռնազավթել են: Թե ինչ են անկլավների մասին բանակցում, հայկական կողմը ոչինչ չի ասում դրա մասին»:
Նա նաև ավելացրեց, որ մեր 29,8 քառ. կմ տարածքի մեջ, բնականաբար, մտնում են նաև անկլավները, դա վերջին շրջանի Խորհրդային Հայաստանի տարածքն է, որի մեջ մտնում է հայկական անկլավը՝ Արծվաշենը.
«Այսինքն, եթե մենք հաշվի առնենք 29,8 քմ կմ պարագան, պիտի հաշվի առնենք, որ Արծվաշենը մեջն է: Իսկ եթե Արծվաշենը հանում ենք՝ այդ գյուղերի փախարեն, ստացում էլի նույն տարածքը»:
Դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի կնքմամբ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ հնարավո՞ր է կայուն խաղաղություն հաստատել, Աշոտ Մելքոնյանը շեշտեց.
«Ադրբեջան պետության պարագայում ես համոզված եմ, որ ոչ: Եթե ինչ-որ ֆանտաստիկ երաշխավորության մասին խոսք գնա Եվրոպայի կողմից, էլի չեմ հավատա, քանի որ Լաչինի միջանցքի հետ կապված Հաագայի դատարանի որոշումից հետո, որի վրա ադրբեջանցիները թքած ունեն, ոչ մի բանի չեմ հավատում: Օրինակ, նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ փաստաթուղթը Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել է և շարունակվում է խախտվել: Մենք այնքան ծանր վիճակում ենք հայտնվել, որ մեզ համար, կարծես, ելակետ է դրձել այդ փաստաթուղթը, որն իրավական առումով անօրինական է:
Այն նախ հայտարարություն է, վավերացված չէ երկրների խորհրդարանների կողմից և հետո տարածքների առումով վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլ ոչ թե ՀՀ-ին: Այնպես որ, գործընթացները դեռ շարունակվելու են, ամեն ինչ ավարտված չէ սրանով: Ինչ վերաբերում է եվրոպացիների ճնշումներին, դրանք միանշանակ պայմանավորված են ՌԴ-ի ն տարածաշրջանից դուրս մղելու ցանկությամբ»։