17/05/2023 11:28
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր․ Թովմասյանը դեսպանին ներկայացրել է Գերագույն խորհրդի որոշումը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նիկո Սխերմերսին։
Քննարկել են Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքներն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շ․ Միշելի հայտարարությունը։
«Նշեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Պարոն դեսպանին ներկայացրի իմ նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքի նպատակը և արդյունքները․ այն է՝ ներկայացնել ժողովրդի կամքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նշեցի, որ ընդհանուր հավաքվել է 300-ից ավել հազար ստորագրություն, որը վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ ժողովուրդը համաձայն չէ ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ։
Խոսելով Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրների մասին՝ հիշատակեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ: Ավելին, դեռ մտածում են իմ պաշտոնանկության հարցը բարձրացնել, որ չեմ արգելել Էդգար Ղազարյանին ելույթ ունենալ իր հասանելիք ժամանակահատվածում։
Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ մեր ունեցած զրույցի ընթացքում հայտնեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցության շրջանակները», - գրել է պատգամավորը։