17/05/2023 13:08
ՀՀ սահմանների կայունության հարցն ամենևին որևէ մեկի ներկայությամբ չի պայմանավորված. Քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին
Հաշվի առնելով այն մեխանիզմները, որ այսօր գործում են և առանձնապես մեծ կայություն չեն ապահովում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հավատ չի ներշնչում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
«Օրինակ, ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կամ ՌԴ-ի անմիջական ներկայությունը Հայաստանի սահմաններին։ Մենք տեսնում ենք, որ դրանք բյուրեղյա կայունություն չեն ապահովում և հազիվ թե ՀԱՊԿ ներկայությունն էլ լիարժեք կայունություն ապահովեր: Ես կարծում եմ, որ ոչ մի ներկայություն էլ դա չի ապահովելու: Նույնն էլ ԵՄ դիտորդների մասին է: Ինչ-որ մարդիկ փորձում էին մեզ համոզել, որ եթե ԵՄ դիտորդներ տեղակայեն, Ադրբեջանն այլևս չի համարձակվի կրակել: Կայունության հարցն ամենևին որևէ մեկի ներկայությամբ չէ պայմանավորված: Այն ավելի խորքային քաղաքական հանգամանքներով է պայմանավորված: Բայց հասկանալի է, որ Լավրովը ՌԴ-ի տեսանկյունից է մեկնաբանում իրավիճակը: Եվ քանի որ Հայաստանն ինչ-որ պայմաններ է դրել ՀԱՊԿ-ի առաջ՝ քաղաքական գնահատական տալ կատարվածին, ՀԱՊԿ-ն էլ, բնականաբար, պատրաստ չէ և նպատակահարմար չի գտնում տալ այն գնահատականը, ինչ պատկերացնում է Հայաստանը, դրա համար փորձում են պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա՝ ասելով, որ Հայաստանը չընդունեց, իրենք պատրաստ էին ավելի կայուն գործիքակազմ լինել և Հայաստանինն է պատասխանատվությունը», - ընդգծեց Բադալյանը:
Քաղաքագետի դիտարկմամաբ՝ սրանք մեծ հաշվով դիվանագիտական հայտարարություններ են, որոնք կողմերը փոխադարձաբար անում են՝ սեփական դիվիդենտներից ելնելով. «Թեման միշտ է ակտուալ և հայտարարություններ արվում են այդ տրամաբանությամբ: Մեծ հաշվով, կարծում եմ, որ ՀԱՊԿ երկրները, առնվազն կենտրոնասիական երկրները, այդքան էլ ոգևորված չէին լինի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կանգնելու և սահմանին կայունության պատասխանատվությունը ստանձնելու հեռանկարով: Այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, քան պարզապես նման մեկնաբանությունները»:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հայտարարությանը, թե 2022 թվականի սեպտեմբերին քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, Բադալյանը նշեց. «Շատ նորմալ ու տրամաբանական է, որ Հայաստանում կարող էր քննարկվել նման հարց, պարզապես իրադարձությունների զարգացման ինչ-որ սցենարներից մեկով քննարկվել և նպատակահարմար չի եղել այդ ճանապարհով գնալը, ինչը, կարծում եմ, որ բավական ռացիոնալ է: Այսինքն՝ խնդրի լուծումը այնտեղ չէ՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ»:
Ի՞նչ կտա մեզ ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Ըստ Հակոբ Բադալյանի, ոչ ոք չի կարող ասել. «Բարոյական առումով մեզ կբավարարի, որ, տեսեք, ՀԱՊԿ-ը չէր բավարարում մեր պատկերացումներին և մենք շրխկացրեցինք ու դուրս եկանք: Զուտ բարոյական այսպիսի բան կարող է լինել, որը չեմ կարծում՝ քաղաքական պրագմատիզմի մեջ կարող է տեղավորվել: Մենք չգիտենք, թե ինչ ենք անելու ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո: Կարելի է և դուրս գալ, գուցե տեսականորեն մեծ ռիսկեր չլինեն, սակայն խնդիրն այն է, թե դրանով ինչ հարց ենք լուծելու»: