17/05/2023 21:38
«Եկեք, մեր կողքին կանգնեք»․ Զոհված զինծառայողների ծնողներ
«Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ հանդիսացող զոհված զինծառայողների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց են, այստեղ են տեղափոխել Գայանե Հակոբյանին, ում մեղադրում են Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեջ։
Զոհված զինծառայողների ծնողները կոչ են անում հանրությանը՝ չլռել, իրենց կողքին կանգնել։
«Կոչ եմ անում զոհված զինվորների ծնողներին, բոլորին կոչ եմ անում՝ եկեք, մեր կողքին կանգնեք»,- կոչը փոխանցեց 44-օրյայում հանուն հայրենիքի անմահացած Նորայր Մայիլյանի հայրը։
Զոհված զինծառայողների ծնողներն ընդգծեցին՝ տիրող անտարբերությունը խայտառակություն է։
Նրանք հերթական անգամ վերահաստատեցին նաև՝ Գայանե Հակոբյանը, ում ձերբակալելու մասին քիչ առաջ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն, Աշոտ Փաշինյանին առևանգելու մտադրություն չի ունեցել, Աշոտ Փաշինյանն ինքնակամ է նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։