17/05/2023 10:30
«Հրապարակ». Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար հայտնվել են մեղադրյալի աթոռին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ` 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ կաշառք տալու ու վերցնելու համար։ Ըստ նախաքննության՝ 2021 թ. փետրվարից մինչև հունիսը ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար դասախոսները պահանջել և ուսանողներից ստացել են մինչև 100 հազար դրամի չափով կաշառք: Մեղադրյալները մեղքը չեն ընդունում, ըստ փաստաբանի` նրանցից նախաքննական մարմինը ճնշումների միջոցով փորձում է ցուցմունքներ կորզել:
Ուսանողներից մեկը մեզ ասաց. «Գործ են հարուցել ինչ-որ մեկի ձայնագրությունների հիման վրա, որից չի էլ հասկացվում, թե ով ում ինչ է ասում։ Նույնիսկ կոնկրետ գումարի անուն չեն տալիս, ու հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ էսքան մարդու քաշել են մի պատմության մեջ: Չնայած որ չափահաս ենք, մեր ծնողներին են տանում-բերում, թե գումարը դուք եք տվել...»»։